Իրանի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Իսրայելի քիմիական արդյունաբերական գոտում

Իրանի հրթիռային հարվածը մարտի 29-ին թիրախավորել է Իսրայելի հարավում՝ Բեերշեբայի մոտ գտնվող Neot Hovav քիմիական համալիրը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնել է AlJazeera-ն:

Ըստ պարբերականի՝ հարվածից հետո տարածքում նկատվել է խիտ ծուխ, իսկ տեղական իշխանությունները փակել են արդյունաբերական գոտին մուտքի և ելքի համար։

Իսրայելի շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ գոտին ամբողջությամբ մեկուսացվել է, և արտակարգ ծառայությունները զբաղված են հրդեհը մարելու աշխատանքներով՝ միաժամանակ միջոցներ ձեռնարկելով՝ թունավոր գազերի հնարավոր արտահոսքը կանխելու համար։ Channel 13-ի տվյալներով՝ քիմիական արտահոսքի ռիսկի վերաբերյալ «զգալի մտահոգություն» կա։

Նշվում է, որ միջադեպի հետևանքով 11 մարդ ստացել է թեթև վնասվածքներ։ Ըստ հրապարակման՝ արդյունաբերական համալիրը գտնվում է Բեերշեբայից մոտ 10–15 կմ հեռավորության վրա և ներառում է քիմիական նյութեր արտադրող մի քանի օբյեկտներ։

Միաժամանակ Թեհրանում հնչել են այլ հայտարարություններ. Իրանի ԻՀՊԿ-ն պնդել է, որ հարվածը հասցվել է ոչ թե քիմիական արտադրամասերին, այլ մոտակայքում գտնվող ռազմական օբյեկտին։ Իրանական պետական հեռուստատեսությունը հարվածը ներկայացրել է որպես պատասխան քայլ՝ Իրանի դեմ ԱՄՆ–Իսրայել դաշինքի գործողությունների ֆոնին։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:

 

 

Leave a Comment