«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Վերջինս Տելեգրամում հայտնել է, որ ներկուսակցական ընտրությունների երկու փուլերն ավարտված են:
Մայիսի 28-ին և 29-ին կայացած ընտրությունների արդյունքներով վարչապետի թեկնածուի համար 898 պատվիրակ կողմ է քվեարկել Փաշինյանին, 12-ը՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, 8-ը՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:
Սահմանված ժամկետում քվեարկության արդյունքների բողոքարկման դիմումներ, ըստ Փաշինյանի այսօրվա գրառման, չեն ստացվել։
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս՝ ինձ կրկին վստահության քվե տալու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու և ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար», – գրել է նա:
ՔՊ-ի ներկուսակցական ընտրության երկրորդ փուլի արդյունքներով՝ ամենից շատ կողմ քվե ստացել է Փաշինյանը (933 ձայն): Երկրորդ տեղում Միրզոյանն է (853 ձայն), երրորդում՝ Պապիկյանը (842 ձայն)։
Կանանցից ամենից շատ քվե ստացել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ 780 ձայն:
Այս արդյունքները պետք է հաստատվեն նաև կուսակցության համաժողովին, և կազմվի ընտրացուցակ:
