30 մարտի 2026 – 10:32 AMT
PanARMENIAN.Net – TRIPP-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել կամ դադարեցվել, այժմ գտնվում ենք փաստաթղթային համաձայնեցման փուլում, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է Aysor.am-ը:
«Շարունակում ենք բանակցությունները։ Ենթադրում եմ, որ հաջորդ փուլում ինչ-որ միջկառավարական համաձայնագրի նման մի բան պետք է լինի, որից հետո կազմակերպություն կհիմնադրվի։ Մենք ասում էինք, որ ուզում ենք այնպես լինի, որ տարվա վերջին կամ երկրորդ կեսին շինարարություն սկսվի, չգիտեմ՝ դա ինչքանով է իրատեսական, դա ցանկություն էր ամեն դեպքում»,– ասել է Միրզոյանը։
Լրագրողները հարցրել են, թե արդյոք վերջին 30 օրվա ընթացքում բանակցություններ տեղի ունեցե՞լ են:
Նախարարը պատասխանել է. «Մտքերի փոխանակություն եղել է»։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Միրզոյանը նշել է, որ նոր զարգացումներ չեն արձանագրվել։
«Մեր դիրքորոշումը նույնն է, վայրկյան առաջ պատրաստ ենք սկսել խորհրդակցությունները՝ որոշելու ստարագրման տեղն ու ժամը»,-ասել է նա:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։