Վաշինգտոնից հայտարարում են Իրանի հետ խաղաղության հասնելու բանակցություններ» սկսելու մասին։ Նախագահ Դոնալդ Թրամփն այնպիսի լավատեսություն է հայտնում, որ թվում է՝ հանգուցալուծումը, այն էլ Իրանի կապիտուլյացիայով, մոտ է։ Թրամփն անգամ մինչև ապրիլի 6-ը, հետաձգեց Իրանի էներգետիկ ռեսուրսները ոչնչացնելու որոշման գործադրումը՝ նշելով, թե Իրանը բանակցությունների դրական ազդակներ է փոխանցել և անգամ անակնկալ «նվեր» մատուցել՝ բացելով Հորմուզի նեղուցը ամերիկյան նավթատար 8 տանկերների համար։ Պաշտոնական Թեհրանը չի հաստատում այս տվյալները՝ ծաղրելով ԱՄՆ վարչակարգին՝ իրենց պարտությունը բանակցություններ սկսելով թաքցնելու մեջ։
Վաշինգտոնը չի բացում փակագծերը, թե ովքեր են այն դեմքերը, ում հետ բանակցում են։ Իրանական գրեթե ողջ իշխանական վերնախավը, որոնք կարող էին լեգիտիմ որոշում կայացնել խաղաղության պայմանների շուրջ, ֆիզիկապես այլևս չկան, անգամ հայտնի չէ՝ գործող հոգևոր առաջնորդը ողջ է, թե ոչ։ Իրանում փաստացի իշխանությունը վերցրած «Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն» էլ շարունակում է պնդել, որ Վաշինգտոնի հետ որևէ բանակցություններ չեն կարող լինել, և դնում է մաքսիմալիստական պայմաններ։
Սակայն ակնառու է, որ ինչ-որ կուլիսային պրոցես տեղի է ունենում։ Դա ոչ թե լիարժեք բանակցություններ են, այլ երկկողմանի փորձեր՝ հասկանալու միմյանց զիջումների սահմանները և իրական համաձայնությունների պահպանման երաշխիքների ամրությունը։ Դրա մասին հուշում է երեք կողմերի դիրքավորումը։
Վաշինգտոնի «ժամացույցը». Թրամփի վերջնագիրը և «ոսկե կամրջի» մարտավարությունը
Դոնալդ Թրամփը մնում է հավատարիմ իր ձեռագրին. նա կրկին գործի է դրել «առավելագույն ճնշման» և «գործարքի արվեստի» հանրահայտ մարտավարությունը։ Մի կողմից ցուցադում են բանակցությունների պատրաստակամություն, մյուս կողմից լրատվական դաշտը հեղեղում Մերձավոր Արևելքում իրենց ռազմական կոնտիգենտն ավելացնելու և ցամաքային օպերացիայի նախապատրաստության մասին նարատիվներով։ Իրանի էներգետիկան ոչնչացնելու սպառնալիքի գործադրումն անսպասելիորեն մինչև ապրիլի 6-ը հետաձգելով՝ փորձ է արվում Թեհրանին առաջարկել այսպես կոչված «ոսկե կամուրջ»՝ պատվով նահանջելու և կործանարար հարվածից խուսափելու համար։
Բայց դա նաև դիվանագիտական մանևր է հենց ԱՄՆ-ի համար՝ մի կողմից արձանագրելու իրենց արագ ու տպավորիչ հաղթանակը և մյուս կողմից խուսափելու ցամաքային օպերացիայից՝ ամերիկյան զինուժի մեծաքանակ կորուստներից և երկարատև պատերազմի ճահճի մեջ ներքաշվելուց փրկվելու համար։ Այսինքն սա նաև Թրամփի համար է իր սեփական դեմքը փրկելու «ոսկե կամուրջ»։
Վաշինգտոնի գլխավոր լծակը մնում է Իրանի տնտեսական լիակատար կոլապսի սպառնալիքը և կենսական ենթակառուցվածքների ուղիղ թիրախավորումը։ Սակայն Իրանի սպառնալիքը Ծոցի երկրների էներգետիկ հզորությունները հողին հավաարեցնելու մասին, ԱՄՆ-ին էլուրջ զգուշավորությա մղում։
Թեհրանի «ծորակը». ասիմետրիկ պատասխան և էներգետիկ վահան
Հարձակվող կողմն ակնհայտորեն ձախողել է Իրանի կառավարման համակարգը կաթվածահար անելու պլանը։ Եվ Թեհրանի քաղաքական վերնախավը, փաստացի չի շեղվում չափազանց նուրբ ու ազդեցիկ ռազմաքաղաքական այն ուղեգծից, որը պատերազմից նվազագույն կորուստներով դուրս գալու նրա միակ շանսն է։
Թեհրանը հայտարարել է, թե ընտրողաբար բացում է Հորմուզի նեղուցը իր բարեկամ երկրների նավթատար տանկերների համար, իսկ ԱՄՆ-ին աջակցող երկրների, այդ թվում նաև Ծոցի արաբական երկրների համար այն շարունակելու է փակ լինել։ Սա Իրանի ասիմետրիկ պատասխանն է ԱՄՆ-ի ճնշումներին։ Գլխավոր խաղադրույքը միջազգային հանրությանը պառակտելն է հակաիրանական կոալիցիայի միասնությունը խարխլելը, էներգետիկ համաշխարհայն ճգնաժամի սրման պատասխանատվության սլաքները դեպի իսրայելաամերիկյան տանդեմը շրջելը։ Բացի այդ՝ թույլ տալով չինական և հնդկական տանկերների անխափան անցումը Հորմուզով՝ Թեհրանն աշխարհին և առաջին հերթին Վաշինգտոնին ցայտուն կերպով ցուցադրում է, որ համաշխարհային տնտեսության «զարկերակը» դեռևս իր ձեռքում է, ինքն է խաղի կանոններ թելադրողը։ Որքան էլ Թրամփը հիանում է 8 տանկերները բաց թողնելու Իրանի քայլով, հենց դրանով իսկ հաստատում է Իրանի իրական ուժը և Իրանի՝ բոլորովին իրեն պարտված չզգալը։ Սա էներգետիկ շանտաժի դասական օրինակ է և ուղղակի ուղերձ Իրանից գլոբալ խաղացողներին. «Մենք ենք որոշում՝ ձեր տանը լույս կլինի, թե ոչ»։ Այսպիսով, Իրանը Հորմուզի նեղուցն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական վահան՝ փորձելով բանակցային սեղանի շուրջ հնարավորինս թանկ սակարկել իր հատկապես հրթիռային ծրագրի ապագան և խուսափել կապիտուլյացիոն գործարքից։
Իսրայելի շանտաժը և ԱՄՆ-ի ամենախոցելի կողմը
Մինչ Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների միջոցով զգուշավոր «մեսիջներ» են փոխանակում, Երուսաղեմը սրում է իր ռազմական «դաշույնը»։ Բենիամին Նեթանյահուի վերջին հայտարարությունները՝ Իրանի տարածքում ցամաքային գործողությունների անխուսափելիության վերաբերյալ, հասկանալի են դարձնում Իսրայելի գլխավոր խաղադրույքը. թույլ չտալ որևէ «կիսատ» խաղաղություն կամ հերթական ժամանակավոր համաձայնագիր։ Երուսաղեմի համար ցանկացած գործարք, որը չի ենթադրում Իրանի միջուկային հավակնությունների և տարածաշրջանային պրոքսի ենթակառուցվածքների լիակատար ու վերջնական ապամոնտաժում, հավասարազոր է պարտության։ Այս աշխարհաքաղաքական թատերաբեմում Նեթանյահուի գլխավոր լծակը սեփական ուժերով Իրանին անկախ ու անկանխատեսելի հարված հասցնելու սպառնալիքն է։ Իսրայելի խնդիրը հիմա ոչ թե Իրանի հետ է, այլ Թրամփի վարչակարգի։ Նեթանյահուն ինքնուրույնաբար պատերազմը շարունակելու դիրքերից հանդես գալով՝ ստեղծում է առանց իր շահերի հաշվառմամն՝ իրանա-ամերիկյան ցանկացած համաձայնություն թղթի կտորի վերածելու իրական տպավորություն։ Նա այս կերպ ստիպում է Վաշինգտոնին՝ նախ իր հետ հաշվի նստել՝ խաղարկելով նաև հենց ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներսում իր ունեցած ահռելի ազդեցության լծակները։ Իսրայելը հասկացնում է․ եթե Վաշինգտոնը բանակցություններում չափազանց մեղմ գտնվի կամ զիջի Իսրայելի անվտանգության «կարմիր գծերը», Երուսաղեմը ուղղակի կտապալի ցանկաած համաձայնություն։ Եվ հենց այս կետում է, որ բախվում են Երուսաղեմի և Վաշինգտոնի շահերը։ Դա ծառայում է Իրանի շահերին այնքանով, որ վերջինս կարողանում է ցույց տալ, որ Իսրայելն իրականում քթից բռնած քարշ է տալիս ԱՄՆ-ին, իսկ շարքային ամերիկացիները վճարում են Իսրայելի և վարչապետ Նեթանյահուի քմահաճույքների համար։
Իրանական շախմատային տախտակին կողմերի այսպիսի դիրքավորումը ավելի շատ մեծացնում են էսկալացիայի խորացման, քան խաղաղության հաստատման հեռանկարները։ Վճռորոշ հանգրվանը ապրիլի 6-ն է։ Սակայն իրական խաղաղության պոտենցիալը ոչ թե Թեհրան-Վաշինգտոն, այլ Երուսաղեմ-Վաշինգտոն տիրույթում է։ Եթե մինչ այդ այս երկու դաշնակիցները ընդհանուր հայտարարի եկած չլինեն, կարելի է ի սկզբանե տապալված համարել Իրան հետ որևէ բանակցություն։
Գոռ Աբրահամյան
