ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը կարող է նոր միջուկային դարաշրջանի սկիզբ դառնալ, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg-ին։
«Իրանի հետ պատերազմը կարող է նշանավորել նոր միջուկային դարաշրջանի սկիզբը», – նշվում է գործակալության զեկույցում։
Ինչպես նշում է Bloomberg-ը, Հյուսիսատլանտյան օվկիանոսից մինչև Արևմտյան Խաղաղ օվկիանոսի երկրները սկսել են ավելի բացահայտ քննարկել, թե արդյոք իրենց անհրաժեշտ է սեփական միջուկային զենք։ Մասնավորապես, Գերմանիան և Լեհաստանը ողջունել են Փարիզի առաջարկը՝ ֆրանսիական «միջուկային հովանոցի» տարածումը դեպի Եվրոպա, չնայած երկու երկրներն էլ վաղուց արդեն հարմարվել էին ԱՄՆ-ի «հովանոցի» գաղափարին։
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը ուսումնասիրում է միջուկային փորձարկումները վերսկսելու հնարավորությունը ավելի քան 30 տարվա ընդմիջումից հետո: Bloomberg-ը նաև նշում է, որ Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որը միջուկային զենք է օգտագործել խաղաղ բնակչության դեմ:
«Սակայն եթե ավելի շատ երկրներ ունենան ավելի շատ միջուկային զենք, աշխարհը չի դառնա ավելի անվտանգ, ընդհակառակը… Հիմա ավելի քան երբևէ կարևոր է պահպանել (միջուկային զենքի – խմբ.) չտարածման կանոնները, որոնք այդքան լավ են ծառայել աշխարհին վերջին կես դարի ընթացքում», – գործակալությանը ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի և վիրավորների թիվն աճում է։
