Այս պահին քննարկում չկա․ Միրզոյանը՝ Իրանի հետ հնարավոր համաձայնագրի մասին

Հայաստանն ու Իրանը այս պահին չեն քննարկում ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքման հարցը, լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Միաժամանակ նա հայտարարել է TRIPP երթուղու ստեղծման նախագծի իրականացման շուրջ բանակցությունների շարունակման մասին՝ նշելով, որ բանակցությունների արդյունքում պետք է ստորագրվի «ինչ-որ միջկառավարական համաձայնագիր»։

«Մենք ասում էինք, որ ուզում ենք այնպես լինի, որ տարվա վերջ կամ կեսերին շինարարություն սկսվի, բայց չգիտեմ՝ ինչքանո՞վ է իրատեսական, դա, ամեն դեպքում, ցանկություն էր», – ասել է Միրզոյանը:

Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Իրանում ռազմական գործողությունների պայմաններում TRIPP նախագիծն ԱՄՆ-ի համար առաջնահերթություն չէ, նախարարն ասել է, որ դա չի նշանակում, որ դրա իրականացումը կասեցված է կամ հետաձգվում է:

«Մենք հիմա գտնվում ենք փաստաթղթային համաձայնեցման փուլում, շարունակում ենք բանակցությունները, մտքերի փոխանակություն է տեղի ունենում»,- հավելել է նա։

Leave a Comment