Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հայտարարում է Թեհրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին, սակայն իրականում նախապատրաստվում է ցամաքային գործողության։
«Թշնամին հրապարակայնորեն ուղերձներ է հղում բանակցությունների մասին, իսկ գաղտնի ծրագրում է ցամաքային գործողություն»,- նրա խոսքը մեջբերում է Al Jazeera-ն։
Նա նշել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են դիմակայել ամերիկյան զորքերին։ Խոսնակի խոսքով՝ Իրանը վարում է երկար և բարդ պայքար, որի արդյունքում կհաղթի, և չի դադարեցնի հրթիռային հարվածները։
Միևնույն ժամանակ ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու B-1B Lancer և երկու B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչներ վերադարձել են Մեծ Բրիտանիայի Ֆերդֆորդ ավիաբազա՝ Իրանի օդային տարածքում մարտական առաջադրանքներ կատարելուց հետո, հայտնել է Military Air Tracking Alliance (MATA)-ն։ Նշվում է, որ ներկայում Ֆերդֆորդ ավիաբազայում տեղակայված է ԱՄՆ 21 ծանր ռմբակոծիչ։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի և վիրավորների թիվն աճում է։
