Հս․ Կորեայում ԱՄՆ-ն թիրախավորող հրթիռի շարժիչի փորձարկում է տեղի ունեցել․ AP

Հս․ Կորեայում ԱՄՆ-ն թիրախավորող հրթիռի շարժիչի փորձարկում է տեղի ունեցել․ AP

Ըստ ԶԼՄ-ների՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կմ Ջոնգ Ընը հետևել է արդիականացված պինդ վառելիքով շարժիչի փորձարկմանը, որը նախատեսված է այնպիսի զենքերի համար, որոնք կարող են հասնել ԱՄՆ մայրցամաքին, և այն անվանել է կարևոր առաջընթաց՝ երկրի զինանոցը հզորացնելու տեսանկյունից։

Ըստ AP-ի՝ չնայած փորձարկումը համապատասխանում է Կիմի՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ ուղղված ավելի շարժուն և դժվար հայտնաբերվող հրթիռներ ձեռք բերելու նպատակին, որոշ փորձագետներ ենթադրում են, որ Հյուսիսային Կորեայի հայտարարությունները կարող են չափազանցված լինել։ Ներկառուցված պինդ վառելիքով հրթիռներն ավելի հեշտ է տեղափոխել և դրանց արձակումները թաքցնել, քան հեղուկ վառելիքով զենքերինը, որոնք սովորաբար պետք է լիցքավորվեն մեկնարկից առաջ և երկար չեն կարող պահպանվել։

Korean Central News Agency-ն հայտնել է, որ Կիմը հետևել է շարժիչի գետնային ռեակտիվ փորձարկմանը, որն իրականացվել է կոմպոզիտային ածխաթելային նյութի օգտագործմամբ։ Նշվում է, որ շարժիչի առավելագույն քաշող ուժը կազմում է 2,500 կիլոնյուտոն, մինչդեռ սեպտեմբերին անցկացված նմանատիպ փորձարկման ժամանակ այն կազմել էր մոտ 1,970 կիլոնյուտոն։

KCNA-ն նաև հաղորդել է, որ փորձարկումը իրականացվել է երկրի հնգամյա սպառազինության զարգացման ծրագրի շրջանակում, որի նպատակն է արդիականացնել «ռազմավարական հարվածային միջոցները», այսինքն՝ միջուկային կարողություններով բալիստիկ հրթիռները և այլ զենքերը։ Կիմը նշել է, որ վերջին շարժիչի փորձարկումն ունի «մեծ նշանակություն երկրի ռազմավարական ռազմական ուժը ամենաբարձր մակարդակի հասցնելու համար»։ Գործակալությունը չի նշել, թե երբ և որտեղ է իրականացվել փորձարկումը։

Leave a Comment