Փաշինյանի հետ միջադեպից հետո Սուրբ Աննա եկեղեցու բակից 2 քաղաքացի է ձերբակալվել

Սուրբ Աննա եկեղեցու բակից երկու քաղաքացու են ձերբակալել, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Իրավապաշտպանը նշել է, որ նրանց անհայտ ուղղությամբ են տարել։

Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը, և եկեղեցում պատարագ էր։ Սուրբ Աննա եկեղեցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ժամեր առաջ եկեղեցու ներսում նրա և մի քաղաքացու միջև միջադեպ էր տեղի ունեցել այն բանից հետո, երբ քաղաքացին Փաշինյանին ասել էր՝ «ինքն ուզում է մեջտեղում կանգնի», ինչից հետո քաշքշոց էր սկսվել։

«Տենց չնայես ինձ»,- իր դժգոհությունը հայտնելով՝ քաղաքացին ասել էր Փաշինյանին։ Քաղաքացիները, աղմուկ բարձրացնելու միջոցով իրենց բողոքն էին հայտնել եկեղեցում Փաշինյանի ներկայությանը, ինչից հետո Փաշինյանը դուրս էր եկել այնտեղից։

Մելիքյանը չի բացառել, որ քաղաքացիներին բերման ենթարկելը կապված է ժամեր առաջ տեղի ունեցած միջադեպի հետ։ Ըստ տեսանյութերի՝ ձերբակալվածներց մեկը ենթադրաբար Փաշինյանի հետ միջադեպի մասնակից երիտասարդն է։

Ավելի ուշ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը Armenia Today-ին հաստատել է քաղաքացիների ձերբակալությունը։

Սարգսյանը տեղեկացրել է, որ ոստիկանության ծառայողները նրանց ձերբակալել են «խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով»։

Թարմացված է՝ 29.03.2026 | 14:27

Leave a Comment