«Արիաննան Արցախում էր, երբ առաջին անգամ գնաց առաջին դասարան։ Սեպտեմբերի 19-ին բլոկադայի ժամանակ ծնված Էդուարդին թողեցի տանը, գնացի դպրոց, ու սկսվեց պատերազմը։ Պատերազմ, որ չուներ պատասխան, պատերազմ, որտեղ զոհվեցին, ու նաև զոհվեցին բենզինի պայթյունից»,- Հրազդանում «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ ասաց Արցախից բռնի տեղահանված կինը և դիմելով դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին՝ հարցրեց․ «Արդյոք իմ Արիաննան գնալո՞ւ է Արցախ։ Մենք այդ ոգով ենք ապրում։ Ինչպե՞ս եք տեսնում Արցախ գնալու ճանապարհը։ Ինչո՞ւ մինչ այսօր Դուք նախագահ չեք, որ արցախցիներն այսքան թևաթափ չլինեին։ Չեմ ուզում մեր զինվորների թափված այսքան արյունը լինի անիմաստ։ Ուզում եմ, որ մեր զոհվածների հոգին լինի հանգիստ, ես գնամ իմ դպրոց, շարունակեմ իմ մանկավարժական ուղին»։
«Դա կախված է նաև ձեզանից, թե՝ ինչ ընտրություն եք անելու»,- պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը։
«Հարցրեցիք՝ ինչու դուք չեք նախագահը։ Ես եղել եմ նախագահ 10 տարի, և չի եղել պատերազմ, եղել է խաղաղություն, եղել է լուրջ տնտեսական աճ։ Համարել եմ, որ սահմանադրական պարտքս կատարվել է, սահմանդրական ժամկետս լրացել է, թողել ու հանգիստ խղճով գնացել եմ այլ գործերի։ Պարզվեց, որ հանգիստ խղճով չպետք է գնայի այլ գործերի։ Ես չէի կարող 2008 թվականին կանխատեսել, որ լինելու է այն կարգի իշխանություն 2018 թվականին, որ այս աղետը կբերի մեր գլխին։
Ես համոզված եմ, որ ղարաբաղյան հարցը բանակցային գործընթացով կարելի էր հանգիստ բերել լավ ավարտի։ Ամեն ինչ դրան էր գնում։ Եթե չհայտնվեր մի քաղաքական միավոր, մի մարդ, որը համարեց, որ ինքն ամեն ինչի մասնագետ է, բոլորից լավ էհասկանում, ինչ ուզի՝ կարող է անել։ Կարող է զրոյական կետից սկսել, ինչ-որ թուղթ ստորագրել։ Համարեց, որ Արցախի ժողովրդի ճակատագրի հարցը կարող է մենակ գնալ ու լուծել, թեկուզ 2018-ին հայտարարել էր, որ առանց ժողովրդի հետ քննարկելու՝ որևէ քայլ չի անի Արցախի հետ կապված։ Գնաց՝ արեց։ Ես որշակի դժգոհութուն ունեմ նաև Արցախի ղեկավարությունից և համարում եմ, որ այն ժամանակ իրենք պետք է շատ հստակ դիրքորոշում ունենային, այլ ոչ թե փորձեին այսպես՝ «հանկարծ հարաբերություն չփչացնենք» և այլն։ Եվ Փաշինյանը թև առավ և մտածեց՝ ինչ ուզի՝ Արցախի հետ կարող է անել։ Սա պրոբլեմներից մեկն է եղել, թեև հիմա ընդունված չէ դրա մասին խոսել, երևի ժամանակը չէ դրա մասին խոսելու։
Եթե մնա այս իշխանությունը, մոռացեք ամեն ինչի մասին։
Հիմա մենք ասում ենք հետևյալը՝ պետք է հասնենք նրան, որ ճանաչվի արցախցիների վերադարձի իրավունքը։ Դա իր հետևից բերելու է գույքային իրավունքների հարցը։ Մենք պետք է խոսենք մշակութային ժառանգության մասին և հույս ունենաք, որ այդ քայլերց հետո որոշակի հնարավորություններ կարող են բացվել։ Բայց պրոբլեմը շատ լուրջ է։ Չեմ կարող երաշխավորված ասել՝ այո, կլուծենք, բայց նաև չեմ տեսնում, որ որևէ մեկը ՀՀ-ում կարող է այդ փոքր շանսի համար պայքարել ավելի ակտիվ և արդյունավետ, քան ես»,- պատասխանեց նախագահ Քոչարյանը։
Հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում։