Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
– Ինչպե՞ս կմեկնաբանեք Իրանի դեմ ամերիկա-իսրայելյան պատերազմի ներկա փուլը։
– Պատերազմական գործողությունները շարունակվում են։ ԱՄՆ-ը ուղարկել է առաջարկների փաթեթ Պակիստանի միջոցով։ Իրանն ունի նախապայմաններ։ Ընթանում է հեռատեսական սպառնալիքներով և հրթիռակոծումներով «բանակցային գործընթաց»։ Կարծում եմ՝ կողմերը նախապատրաստվում են բանակցելու այս կերպ։
– ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ 10 օրով հետաձգում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածը։ Ինչու է որոշել նման քայլի գնալ։
– Նախ վստահ է, որ լինելու են համարժեք պատասխաններ արաբական երկրների էներգետիկ համակարգերին։ Երկրորդը՝ ձգում է ժամանակը՝ բանակցային ենթահողի պատրաստության և բանակցելու համար հայտարարության ելքեր ձևակերպելու։ Ժամկետերն ու ժամանակի ձգումները խոսում են նախաբանակցային հանգրվանի մասին։
– Միաժամանակ, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Թրամփը ցամաքային զորքեր է պատրաստվում ուղարկել։ Ըստ Ձեզ, 10 օրով գործողությունները հետաձգելն արվում է ժամանակ շահելու և ցամաքային գրոհի համար, թե՞ դրա հետևանքով հնարավոր միջազգային տնտեսական ճգնաժամից խուսափելու համար է արվում։
– Նպատակը Հորմուզն ու հարակից կղզիներն են։ Այս կերպ նա ուզում է ասել, որ եթե դիվանագիտությամբ չստացվի գործարքը, ապա ռազմական գործողություններով անելու են։ Այդ գործողությունների գինը շատ թանկ է երկկողմանիորեն՝ ամբողջ տարածաշրջանին, ինչու չէ՝ համաշխարհային տնտեսությանը։ ԱՄՆ-ը նախընտրում է դիվանագիտական ճանապարհով հասնել էներգետիկ համակարգի և տարանցիկ ուղիների համալիրի վերահսկողությանը։
– Իրանի հետ ԱՄՆ-ը բանակցություններ ի վերջո անում է, թե ոչ։
– Կարծում եմ՝ բանակցություններն ընթանում են արդեն միջնորդավորված։ Ճիշտ է, որ տեղեկատվությունը հակասական է նաև այս առումով, սակայն միջնորդավորված բանակցության մասին հայտարարեց նաև Պակիստանի արտգործ նախարարը։
– Մեր հարցազրույցներում շատ եք շեշտել նաև Չինաստանի դերի մասին, նաև ասել եք, որ սա ամերիկա-չինական դիմակայության մի կանգառ է։ Ինչ է նշանակում սա, կխնդրեմ՝ ավելի մանրամասնել։
– Երբ Թրամփը հայտարարում է, որ հաջորդ թիրախը լինելու է Կուբան, նշանակում է, որ ինչ-որ շարքի կամ շղթայական գործողությունների մասին է խոսում։ Վենեզուելա, Գրենլանդիա, Իրան, Կուբա։ Նկատենք, որ թե՛ Վենեզուելան և թե՛ Իրանը Չինաստանի հետ ծավալային քանակի առևտուրներ են անում։ Հատկապես էներգիայի ոլորտում։ Գրենլանդիան էլ հարուստ բնական պաշարներով Չինաստանի ուշադրությունն էր գրավել՝ նաև աշխարհագրական դիրքը նկատի ունենալով։ ԱՄՆ-ը տնտեսական մեծ մրցակցության մեջ է Չինաստանի հետ։ Ռազմական գործողություններով փորձում է վերահսկել և կարմիր գծեր հաստատել Չինաստանի հետ մեծ առևտուր անող երկրներին։
– Ինչպիսի ելք եք տեսնում այս իրավիճակում։
– Ի վերջո՝ բանակցություններ։ Իրանը ստանալու է պատժամիջոցների ամբողջական վերացում։ Իսկ ԱՄՆ-ը՝ Հորմուզի ջրանցքի վերահսկողության և գերշահույթների մասնաբաժին։ Սա լինելու է փոխզիջման բանաձևը։
– Ռուս-ուկրաինական ճակատում ինչ է կատարվում այս օրերին։ Շատերի կարծիքով՝ Իրանի դեմ պատերազմը օգնում է, որ ՌԴ-ն այնտեղ իր դիրքերն ամրապնդի։
– Կարճաժամկետ դրվածքով օգնում է ՌԴ-ին, որ տեղաշարժեր է գրանցում։ Աշխարհակարգային փոփոխություններում սակայն դեռ տեսանելի չէ ՌԴ-ի նոր դերը կամ դերի վերափոխումը։ ՌԴ-ն կորցնում է ընդհանրապես իր նախկին տիրույթները՝ ինչպես Կովկասում, այնպես էլ Միջին Արևելքում։ Այդ կորուստի դիմաց իր վերահսկողության տակ է առնում ուկրաինական տարածքներ։
Արման Գալոյան
