«Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ է հայտնի դարձել ՝ «Լավագույն պիես» անվանակարգն «անհետացել է»


Նախօրեին կայացել է  «Արտավազդ» 25-րդ ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված հայ բեմի մեծանուն դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին։

 «Արտավազդ-2026»մրցանակաբաշխության հաղթողների անունները հրապարակված են Հայաստանի թատերական գործիչների միության կայքում։ 

Մրցանակաբաշխությունից հետո արձակագիր, սցենարիստ Արմինե Բոյաջյանը գրում է

«Conspiracy thriller։ Չեղարկման արվեստի վարպետության անհաջող դաս

Հերթական «Արտավազդն» էր։ Որոշ ստեղծագործողների, ավելի հստակ՝ «Լավագույն պիես» անվանակարգում առաջադրված հեղինակների համար մրցանակաբաշխությունը քիչ-քիչ վերածվեց մետա-դետեկտիվ դրամայի, որտեղ շատ պատահաբար անհրաժեշտություն առաջացավ վերծանել՝ էս երկու օրվա մեջ ուր անհետացավ անվանակարգը, կենդանի է արդյոք այն, թե հուղարկավորվել է՝ առանց հրաժեշտի։

Դիցուք, անվանակարգը մրցույթից դուրս է եկել էն պատճառով, որ ժյուրին ներկայացված գործերից ոչ մեկը չի համարել մրցանակի արժանի, դժվա՞ր էր էս լուսավոր դարում էդ մասին մասնակիցներին նախապես տեղեկացնելը, ո՞րն էր ինտրիգ պահելու իմաստը։

Անթույլատրելի է, որ նոմինանտները ներկայանան միջոցառմանը, սպասեն արդյունքների հրապարակմանը և միայն տեղում, էն էլ իրար մեջ «գցել-բռնելուց» հետո պարզեն, որ իրենց անվանակարգը չեղարկվել է։ Սա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն էդ դրամատուրգների ժամանակի, կատարած աշխատանքի ու սպասումների, այլ հենց ձեր մրցույթի հեղինակության հանդեպ։ Էլեկտրոնային փոստով նամակ, հեռախոսազանգ, ամենավերջում՝ Instagram-facebook՝ չե՞ք լսել, թե՞ հարկ չեք համարել մարդկանց մարդատեղ դնել։

Դուք պարտավոր էիք հրապարակավ պարզաբանել ձեր կայացրած որոշման պատճառների մասին, թե՞ մտածենք, որ դրամատուրգիային մատերի արանքով նայողների ցուցակը հենց դուք էլ գլխավորում եք։ Տարրական հարգանքի ու աշխատանքային ամենասովորական էթիկայի պակաս։ Թե չէ՝ մի մրցանակ էս կողմ, մի մրցանակ էն կողմ, հավատացեք՝ մեր կյանքում ոչինչ չի փոխվում։

Շնորհավոր ձեր տոնը, թատրոնցիներ։ Ի սրտե շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին։ Արարեք, կառուցեք, իրագործեք ձեր ստեղծագործական երազանքները․ արվեստը նվաճումներ է սիրում։

Իսկ մրցանակաբաշխության կազմակերպիչներին երեկոյի առաջին/վերջին բաժակից առաջ խորհուրդ եմ տալիս չմոռանալ՝ ցուցադրական արվեստի հետևում միշտ ամուր կանգնած է դրամատուրգիան, որի զարգացմանը զարկ տալու համար փոխադարձեք այն հարգանքը, որ տածում ենք ձեր հանդեպ, հակառակ դեպքում մենք էլ նենց ոչինչ տիրապետում ենք էդ գործիքակազմին ու ստիպված կլինենք կիրառել…

Հ.Գ. եթե ինչ, էս տարի պիես չեմ ներկայացրել, իմ խնդիրը դրամատուրգիայի ու դրամատուրգների հանդեպ ցուցաբերված արհամարհական վերաբերմունքն է»։

Նշենք որ «Լավագույն պիես» անվանակարգում երկրորդ փուլ անցած աշխատանքներին էին՝ «Ազատություն Թեոդոր Մալբերգին» (Նարեկ Մանուչարյան),  «Օ՜դ» (Անի Առաքելյան), «Նոր Սանտա Կլաուսը» (Սարգիս Շողունց),  «Խլվլիկ Փուշը» (Սոնա Քանքանյան)։ 

Մրցանակաբաշխությունից հետո սցենարիստ Նարեկ Մանուչարյանը նույնպես անդրադարձել է «Տարվա լավագույն պիես» անվանակարգը ցանկից հանելուն. 

««Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպիչները նորից ստիպեցին մտածել, որ ոչ կոմպետենտությունն ու անհարգալից վերաբերմունքը չի վերանալու։

«Տարվա լավագույն պիես» անվանակարգը հերթական անգամ հանվել էր ցանկից, ու չորս առաջադրվածները դրա մասին իմացան մրցանակաբաշխության ավարտին մոտ շարքերի փսփսոցից։ Սա անհարգալից վերաբերմունք է նախ ՄԱՐԴՈՒ հանդեպ, չէ՞ որ հենց ժյուրին էր ընտրել չորս առաջադրվածներին։ Հրավիրել, նստեցնել դահլիճում, սպասեցնել ու անգամ հարկ չհամարել տեղեկացնել, որ անվանակարգը դո՞ւրս է եկել, նման ձևով հիասթափեցնե՞լ։ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՔ։

Ես ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ Հայաստանի թատերական գործիչների միությունից հարգալից վերաբերմունք ունենալ յուրաքանչյուր թատերական գործչի հանդեպ, ՉՓՈՐՁԵԼ նման վարվելակերպով ստորադասել ինչ-որ մեկին կամ ինչ-որ անվանակարգ։ Երբ մեծերին բեմ եք կանչում ու պատվո Արտավազդներ տալիս, հիշեք, որ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ նույնչափ հարգանք ունենալ նաև երիտասարդների հանդեպ։ Ես և Արմինեն 2024-ից այս կողմ շարունակում ենք մնալ գործող հաղթողները, հարցը հաղթանակը չէ, հարցը կազմակերպիչների կողմից ոչ պրոֆեսիոնալ ու անմարդկային վարմունքն է այն մարդկանց հանդեպ, որոնցից դեռ երկու օր առաջ լուսանկար էին ուզում պատէկրանին ցուցադրելու համար, հրավիրատոմսեր էին տալիս՝ որպես նոմինանտներ, մոտենում հաջողություն ու հաղթանակ էին մաղթում։

Ու երբ ամեն պատեհ-անպատեհ առիթով բեմից ասում եք երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանի «Չկա հայկական թատրոն՝ առանց հայկական դրամատուրգիայի» ճշմարտացի խոսքը, հիշեք, որ հերթական անգամ չորս դրամատուրգի ստիպեցիք չհավատալ ձեր ոչ մի ասածին ու հիասթափվել։

Ես չեմ դասվում էն մարդկանց շարքին, ովքեր ասում են՝ «էլ չեմ մասնակցելու», ես դասվում եմ էն մարդկանց շարքին, ովքեր ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ հարիր վերաբերմունք, կոմպետենտություն ու հարգանք։ Ու, այո, դուք ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ հարգել ստեղծագործողին։ Հուսով եմ՝ մյուս թատերական գործիչները նույնպես համաձայն կլինեն ու նման վերաբերմունքին դռան բանալու անցքից չեն նայի։

P.S նույնը եղավ նաև ՀՀ ժող. արտիստ, հայ աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի հանդեպ։

Ե՞րբ եք վերջ դնելու էս կենցաղվարությանը»։ 

Leave a Comment