Մարտի 27-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Ռոման Ա․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ ժողովրդին հայտնի «Ձկան խանութի» խաչմերուկում, վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղի սպասարկող տրոլեյբուսի վարորդին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ վրաերթը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տրոլեյբուսի սնուցող էլեկտրական լարերից մեկը ընթացքում հանգույցից առանձնացել էր, և վարորդն իջել էր տրոլեյբուսից՝ որպեսզի այն միացնի։ Այդ ժամանակ BMW-ն վրաերթի է ենթարկել վարորդին, որի կյանքը փրկելու համար բժիշկները պայքարում են։
