28 մարտի 2026 – 10:32 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առիթով քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է ակտիվիստ Միքայել Մարգարյանը։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Արմենպրեսը:
Միքայել Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):
Միքայել Մարգարյանի որդին՝ Յուրի Մարգարյանը հոր ձերբակալման մասին հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
«Մեր տուն եկան մեծ թվով մարդիկ՝ սպեցնազից, քաղաքացիական հագուստով անձինք և ոստիկաններ (մոտ 15-20 հոգի)։ Առանց որևէ հստակ բացատրության, թեև ներկայացրեցին կալանքի թուղթ, նրանք բռնի կերպով ձերբակալեցին իմ հորը՝ չթողնելով, որ նա կամավոր դուրս գա։ Դա կատարվեց, քրոջս, տատիկիս ու իմ աչքի առաջ, ուղղակի վերցրեցին տարն, նաև՝ փաստաբանի ներկայությամբ։ Իրավիճակը մեզ համար լիովին անհասկանալի է։ Ոչ մի բացատրություն չի տրվել»,-ասել է նա:
Նա խնդրել է ՄԻՊ-ին արձագանքել այս իրավիճակին:
Միքայել Մարգարյանը, ինչպես նաև Արսեն Վարդանյանը, մարտի 26-ին ևս ձերբակալվել էին Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հայտնի միջադեպից հետո, սակայն հետագայում ազատ էին արձակվել:
Մարտի 26–ին Ալեն Սիմոնյանը ԱԺ շենքի դիմաց քաղաքացու հետ վիճել է, և փոխադարձ հայհոյանքներ են հնչել, Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։
ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել: