Երևանի Ազատության պողոտայի «Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհի մեջ կասկածվող 3 անչափահաս է բերման ենթարկվել, հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ըստ հրապարակման՝ ՆԳՆ Համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ մարտի 27-ին անձինք հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին։
Նախանական տվյալներով՝ անչափահասները մտել են շենք, կիթառ նվագել, ապա տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կատարվում է նախաքննություն, ասված է հրապարակման մեջ։
Երևանի Ազատության պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող շինությունում հրդեհի մասին ահազանգն ստացվել էր մարտի 25-ին՝ ժամը 19:12-ին։ Հրդեհի բարդությունից ելնելով՝ հայտարարվել էր «Թիվ 3 կանչ»։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։ Հրդեհը մարվել էր նույն օրվա գիշերը։
