Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը հայտարարել է, որ ՑԱՀԱԼ-ը ունի առնվազն տասնհինգ հազար զինվորականի կարիք, ընդ որում՝ ութ հազար հոգի պետք է համալրեն մարտական զորամիավորումները:
«Առաջադրանքների դիապազոնը և մարտական գործողությունների տարածքներն ընդլայնվել են, լրացուցիչ մարտիկներ են պետք, Գլխավոր շտաբի պետը այդ մասին զգուշացրել» է,- մամուլի ներկայացուցիչներին ասել է իսրայելցի բրիգադային գեներալը:
Ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ ռազմական կաբինետի նիստի ընթացքում Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը քննադատել է վարչապետ Նաթանյահուին և պաշտպանության նախարար Կացին, որ ուշացնում են զորակոչի մասին օրենքի ընդունումը:
«Բանակը կարող է ներսից փլուզվել, պահեստազորայինները այլեւս չեն կարող կրել համալրման ողջ ծանրությունը»,- ըստ ynet-ի՝ ասել է գեներալ-լեյտենանտ Զամիրը, որի քննադատությանը «վարչապետը և պաշտպանության նախարարը չեն արձագանքել»:
Խոսքը զորակոչի մասին օրենքում երկու էական փոփոխությունների մասին է: Առաջինը նախատեսում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետ սահմանել երեք տարին: Երկրորդը նախատեսում է զորակոչի ենթարկել այսպես կոչված «օրթոդոքսներին»:
Խոսքը Իսրայելի բնակչության այն հատվածի մասին է, որ ապրում է կրոնական համոզմունքներով: Գործող օրենքով այդ խավի երիտասարդ ներկայացուցիչները զինվորական ծառայության չեն զորակոչվում:
Զորակոչի մասին նոր օրենքի շուրջ բուռն քննարկումները շարունակվում են արդեն մի քանի տարի, բայց իրավիճակի «նրբությունը» բանակի Գլխավոր շտաբի պետի կողմից հրապարակայնացվել է, թերևս, առաջին անգամ:
Դա չափազանց կարևոր փաստ է և վկայում է, որ ՀԱՄԱՍ-ի և «Հըզբալա»-ի, իսկ վերջին տարվա ընթացքում նաև Իրանի դեմ պատերազմները փաստացի «մերկացրել» են Իսրայելի ռազմավարական խորքը:
Հրեական պետությունը լրջագույն փորձության շրջան է մտնում: Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Սուլեյման Սոյլուն, որ ներկայումս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր է, Իսրայելին սպառնացել է ցամաքային ներխուժմամբ, որի ընթացքում, ըստ նրա, Թուրքիան «կունենա երեք-չորս հարյուր հազար զոհ, բայց հրեական պետությունը կբնաջնջվի»: