ԱՄՆ-ը և Իսրայելը հարձակվել են Արդականի ուրանի դեղին խտանյութի արտադրական համալիրի և Խոնդաբի ծանր ջրի արտադրության համալիրի վրա, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը (AEOI)։
Արդականում հարվածի հետևանքները ուսումնասիրելուց հետո փորձագետները օբյեկտից դուրս ռադիոակտիվ արտանետումներ չեն հայտնաբերել։
Ըստ կազմակերպության՝ Խոնդաբի օբյեկտի վրա հարձակումը իրականացվել է երկու փուլով։ Զոհեր չկան, և տարածաշրջանի բնակիչները վտանգի տակ չեն։
Ծանր ջրի արտադրության համալիրը սովորական ջուրը վերածում է դեյտերիումով հարստացված ջրի, որն օգտագործվում է ծանր ջրով միջուկային ռեակտորներում նեյտրոնները չափավորելու համար։ Ինչպես և ուրանի խտանյութի գործարանը, այս օբյեկտը ևս ատոմակայան չէ։
Ավելի վաղ իսրայելական զինվորականները հայտնել էին Իրանի տարածքում լայնածավալ հարվածների շարքի մասին։
Թեհրանը բազմիցս հաղորդել է Իրանի Բուշերի ատոմակայանի վրա հարձակումների մասին, որոնցից վերջին գրանցված հարվածը գրանցվել է մարտի 24-ին: Հարված է հասցվել նաև Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող Ահմադի Ռոշանի ուրանի հարստացման համալիրին։
Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) տվյալներով՝ Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության հետևանքով տարածաշրջանի ինը երկրներում ավելի քան 40 էներգետիկ օբյեկտներ լուրջ կամ շատ լուրջ վնասներ են կրել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Թեհրանի խնդրանքով կասեցնում է իրանական էներգետիկ օբյեկտների վրա հարվածները մինչև ապրիլի 6-ը։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
