Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում արտառոց դեպք է գրանցվել. 45-ամյա կինը աշխատանքային հարցազրույցի է ներկայացել ծայրահեղ հարբած վիճակում։ Ռագուն քաղաքի բնակչուհին սեփական մեքենայով ժամանել է Դեսաու՝ տարեցների խնամքի կենտրոնում աշխատանքի տեղավորվելու համար, սակայն հաստատության աշխատակիցը, զգալով ալկոհոլի ուժեղ հոտը, անմիջապես ոստիկանություն է կանչել։
Ոստիկանների իրականացրած առաջին թեստը ցույց է տվել 4,75 պրոմիլ արդյունք, ինչից հետո սարքը պարզապես դադարել է աշխատել։ Հետագա արյունաբանական հետազոտությունը հաստատել է մոտ 4 պրոմիլ ցուցանիշը, որը բժշկական տեսանկյունից համարվում է կյանքի համար վտանգավոր դոզա։ Դատարանում բժիշկը նշել է, որ նման ցուցանիշով սեփական գործողությունները վերահսկելու ունակությունը հնարավոր է միայն ալկոհոլի նկատմամբ չափազանց բարձր դիմացկունության դեպքում։ Դատարանի որոշմամբ կինը տուգանվել է 750 եվրոյով և զրկվել վարորդական իրավունքից։
