27 մարտի 2026 – 18:10 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ Դեմիրճյան մուտքի դիմաց 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, հայտարարել է, որ լրատվամիջոցներով և այլ հարթակներով փորձ է արվել իրենց ակցիան ներկայացնել որպես ուղղորդված։
«Լրատվամիջոցներով և այլ ուղիներով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը փորձում է մեր ակցիան տանի այլ դաշտ, թե սա ուղղորդված է․․․Մեզ զգուշացրել էին, որ մեր ակցիայի դեմ արդեն նախապատրաստում են սադրանք, բայց, որ այդ սադրիչը կլինի ԱԺ նախագահը, մտքովս ընդհանրապես չէր անցնում»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա նաև պնդել է, որ միջադեպի ընթացքում Ալեն Սիմոնյանն է կոպիտ կերպով հրել Միքայել Մարգարյանին։
«Միքայելն ասաց. «վախում ես, փախնում ես, արա»։ Սիմոնյանն ասաց. «Արան պապադ է»։ Ինքն ի՞նչ իրավունք ունի մարդու մահացած հորը վիրավորի, ու ո՞ր իրան հարգող տղեն լինի՝ իրեն չպատասխանի, երբ Միքայել Մարգարյանին տանում էին, ինքն է իմ աչքի առաջ սեռական բնույթի հայհոյանքը տվել»,- ասել է Արսեն Ղազարյանը։
Նա վստահեցրել է, որ իրենց ոչ ոք չի ուղղորդում, և իրենք ունեն մեկ պահանջ՝ հրապարակել 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի զեկույցը։
«Մենք եկել ենք մի պահանջով, որ այդ ամեն ինչը պետք է հանրայնացվի»,- ասել է նա։
Ղուկասյանն ընդգծել է, որ դեռ տարիներ առաջ կոչ է արել տարբեր ուժերի միանալ ծնողների պայքարին՝ միայն ազնիվ նպատակներով՝ բացառելով քաղաքական շահարկումները։
«Եթե կան քաղաքական ուժեր, որվքեր նպատակ ունեն այս ծնողների վիշտը, ցավը, դարդը պահանջն օգտագործեն իրենց քաղաքական դիվիդենտներ շահելու համար, ես իմ անունից ասում եմ, նրանք իմ կողքը տեղ չունեն…
Բայց նույնիսկ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամն էլ կգա կասի՝ ես ձեր պահանջին միանում եմ ու իմ հնարավոր բոլոր լծակները կօգտագործեմ, որ ճշմարտությունը բացահայտվի՝ արի կանգնի կողքիս, պահանջի։ Մեր պահանջն այս դավաճաններին բացահայտելը, ջրի երես հանելն է։ Առավել ևս ներկայում գտնվում ենք այնպիսի վիճակում, որ մեզ սպառնում են պատերազմներով՝ ասելով, որ եթե իրեն չընտրենք պատերազմ կլինի։ Մարդ ես, հանկարծ չընտրվավ, ի՞նչ է դուրս գալի, որ պատերազմ է լինելո՞ւ».-հարցրել է Արսեն Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ առավել կարևոր է մաքրել համակարգը այն մարդկանցից, որոնց նկատմամբ կա անվստահություն։
«Աստված չանի, եթե պատերազմ է լինելու ու ես գնալու եմ պատերազմ, կասկած չունենամ էդ մարդու վրա, որ նա դավաճան է և վերջին պահին ինձ դավաճանելու է և մեզ տանելու է կործանման»,- ասել է նա։
Անդրադառնալով հանձնաժողովի զեկույցին՝ նա նշել է, որ դրա գաղտնիությունը կասկածներ է առաջացնում։
«Գաղտնիության ռեժիմը պետք է վերացվի, քանի որ այն ինձ տալիս է բավարար կասկածներ, որ դուք կոծկում եք պետական չինովնիկների կատարած հանցագործությունները, որը բերել է անդառնալի կորուստների»,-ասել է նա:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ վիճած Միքայել Մարգարյանի նկատմամբ խուլիգանություն հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել: Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
«ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով իրականացրել է խուլիգանական գործողություններ՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել»,– նշել են ՔԿ–ից