Երևանի Շենգավիթի թաղապետարանում աշխատակցի և ղեկավարության վեճը հասել է ՔԿ

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել համացանցում տարածված տեսանյութից հետո, որտեղ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բակային մաքրուհի Աիդա Մխիթարյանը հայտարարել էր իր նկատմամբ գործադրված բռնության մասին:

Մինչ իրավապահները պարզում են դեպքի մանրամասները, Մխիթարյանը պահանջում է վերականգնել իրեն նախկին աշխատանքին և վերադարձնել 2026թ. առաջին երկու ամիսների աշխատավարձից կատարված մասնակի պահումները։

Ասում է՝ վարչական շրջանի շենք է գնացել հենց չվճարված գումարների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով, որտեղ էլ, ըստ նրա, իր նկատմամբ ուժ է կիրառվել։

«Ինձ այնտեղից ուժով դուրս հանեցին, քաշքշեցին»,- նշել է տիկին Աիդան:

Թաղապետարանից նման հայտարարությունները որակում են «սադրիչ» և պնդում, որ աշխատակցի հեռացումը հարկադրված քայլ էր։

Վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանի խոսքով՝ փորձել են զսպել տիկնոջը, ով, ըստ պաշտոնյայի, ներխուժել է սենյակ և սկսել է հայհոյել բոլորին։

«Սա առաջին դեպքը չէր, երբ նրա վարքը դուրս էր գալիս թույլատրելիի սահմաններից»,- պնդել է Գաբրիելյանը։

Թաղապետը հավաստիացրել է՝ Մխիթարյանի դեմ բազմիցս բողոքել են նաև բնակիչները:

«Բնակիչները դիմում էին մեզ, խնդրում, որ նա այլևս չաշխատի իրենց բակերում: Նույնիսկ այլ մաքրուհիների հետ էր մշտական կոնֆլիկտների մեջ»,-նշել է վարչական շրջանի ղեկավարը։

Մաքրուհին չի ընդունում այս մեղադրանքները: Նրա խոսքով՝ կոնֆլիկտն ունի այլ ենթատեքստ՝ թաղապետարանի ղեկավարության հետ հարաբերությունները սկսել են լարվել այն բանից հետո, երբ ինքը դիմել է տան տանիքի վերանորոգման հարցում աջակցություն ստանալու խնդրանքով, սակայն մերժում է ստացել։

Գաբրիելյանը, մինչդեռ, ասել է, որ տարիներ առաջ օգնություն տրամադրվել է (փայտ և թիթեղ), բայց կինն ինքն է հրաժարվել:

«Նա ստացել է աշխատավարձը կատարած աշխատանքի չափով: Ինչ վերաբերում է տանիքին, մենք նյութերը տվել ենք, բայց նա ասաց, որ դա իր պահանջներին չի համապատասխանում»,-նշել է պաշտոնյան:

Տիկին Աիդայի խոսքով՝ ինքը երրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 36 հազար դրամ թոշակ։ Նա նշել է, այժմ գործազուրկ է, և ապրում են միայն այդ գումարով։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ծառայողական քննություն անցկացնել, փոխանցել են թաղապետարանից:

Մինչ այդ բռնության մեջ մեղադրվող պաշտոնյաները դեռ պաշտոնավարում են:

«Կոմունալ բաժնի պետն ու մյուս աշխատակիցները շարունակում են աշխատանքը, նրանք լիարժեք կատարում են իրենց պարտականությունները»,-հայտնել է վարչական շրջանի ղեկավարը:

Թեև թաղապետարանը պնդում է, որ միջադեպը զուտ աշխատակցի վատ վարքի արդյունք է, իրավապահները պետք է պարզեն՝ արդյոք կիրառվե՞լ է անհամաչափ ուժ: Թաղապետարանի նախկին աշխատակցուհին հավելել է, որ սպառնալիքներն այսօր էլ շարունակվում են։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեիում նախաձեռնված քրեական վարույթը պաշտոնեական լիազորությունները բռնությամբ զուգորդված անցնելու հոդվածով է:

Մինչ իրավապահները կտան վերջնական գնահատական, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Armenia Today-ին հաստատել են, որ Մխիթարյանը դիմել էր իրենց դեռ նախքան տեսանյութի հրապարակումը. ուսումնասիրել են ահազանգը և գրություն ուղարկել դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

Leave a Comment