Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել ՔԿ

Դեմիրճյան փողոցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ նախօրեին տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե: Այս մասին հայտնել են ՆԳՆ–ից։

Նշենք, որ երեկ՝ մարտի 26–ին, ԱԺ–ի դիմաց միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Խորհրդարանի դիմաց ակցիա անող՝ անհետ կորած զինծառայողների հարազատներին է մոտեցել Ալեն Սիմոնյանը։ Խոսակցությունը վերածել է վիճաբանության, որի ընթացքում քաղաքացին հայհոյել է Ալեն Սիմոնյանին։ Վերջինն էլ ի պատասխան քաղաքացուն է հայհոյել քաղաքացուն։ Միջադեպից հետո Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։ Նրանցից մեկը «Համահայկական ճակատ»-ի նախագահ Արսեն Վարդանյանն է։

Միջադեպից անմիջապես հետո քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան Սիմոնյանն ասել էր. «Իհարկե, ով ինձ հայհոյում ա, պատասխանը տալիս եմ»։

Նա դիմել էր անհետ կորած զինծառայողների հարազատներին. «Շատ անգամ մենք հանդիպել ենք, եթե էս արարքը չդատապարտեք, էս մարդկանց գյամերը չքաշեք, ես երբեք էլ ձեր հետ ոչ խոսելու եմ, ոչ էլ։ Էդ լակոտը, էդ գյադեն իրեն թույլ տվեց ինձ վիրավորել, այլեւս որեւէ շփում ձեզ հետ չեմ ունենալու»։

Ավելի ուշ միջադեպի մասին Ալեն Սիմոնյանը հայտարարել է հետևյալը. «Որեւիցե հայհոյանք չի եղել, «արա» բառից ավել որեւէ բան չի եղել, երբ որ սկսեց չենթարկվել անվտանգության աշխատակիցներին եւ սադրել։ Այնուհետեւ նա սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց, ես իրեն պատասխանեցի եւ փորձեցի հեռանալ»։

Leave a Comment