Մեծագույն ցավ եմ ապրում, որ հասել ենք մի կետի, երբ ինչ-որ մեկը որոշում է, որ կարող է վիրավորել պետության խորհրդարանի նախագահին: Այս մասին հայտարարել է անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ արձագանքելով երեկ Ազգային ժողովի մոտ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպին։
«Ձեզ թվում է Ազգային ժողովի նախագահը մարդ չի՞, տղամարդ չի՞, զգացմունքներ չունի՞, ինքնասիրություն չունի՞: Դուք պետք է հայհոյեք, իսկ ինքն ասի՝ ժողովրդավարության շրջանակներում մենք ձեզ չե՞նք պատասխանի: Ոչ, ձեզ պետք է պատասխանենք»,- գրել է պատգամավորը։
Հատկանշական է, որ Գեղամ Նազարյանը ժամանակին եղել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ներկայումս հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր։