«Պատիվ ունեմը» կաջակցի 44-օրյա պատերազմի զեկույցի հրապարակման պահանջին

«Պատիվ ունեմը» կաջակցի 44-օրյա  պատերազմի զեկույցի հրապարակման պահանջին

27 մարտի 2026 – 14:41 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հիմնավոր է համարում անհետ կորածների հարազատների պահանջը՝ հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Այդ մասին հայտարարել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ խմբակցությունը պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը․ հայտնում է Արմենպրեսը:

Աբրահամյանը նշել է, որ անհետ կորածների ծնողները, ընտանիքի անդամները և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են զեկույցի հանրայնացման հարցը։

«Գլխավոր պահանջը հետևյալն է․ մարդիկ պահանջում են հանրայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը»,- նշել է նա։

Պատգամավորը հիշեցրել է, որ պատերազմից հետո իշխանությունները խոստացել են զեկույցի միջոցով ներկայացնել պատերազմի հանգամանքները, պատասխանատուներին և տարբեր դրվագների գնահատականները, այդ թվում՝ կապված զոհերի, գերիների և անհետ կորածների հետ։ Նրա խոսքով՝ թեև զեկույցը պատրաստվել է, սակայն ներկայում այն ստացել է արխիվացված կարգավիճակ, իսկ դրա իրավական կարգավիճակի շուրջ նույնիսկ իշխանության ներսում առաջացել են հակասություններ։

Աբրահամյանը նաև ընդգծել է, որ իրենց խմբակցությունը սկզբից ունեցել է կասկածներ հանձնաժողովի օբյեկտիվության վերաբերյալ՝ նշելով, որ պատերազմի ընթացքում պատասխանատվություն կրած պաշտոնյաները չեն կարող ապահովել լիարժեք անաչառ քննություն։

Պատգամավորը հայտնել է, որ ծանոթացել է զեկույցին, սակայն դրա բովանդակությունը գաղտնի է և չի կարող ամբողջությամբ հրապարակվել։

«Յուրաքանչյուր պարագայում կա իշխանությունների խոստումը, որ այդ զեկույցը պետք է բավարարի թեմայի հիմնական շահառուներին, բայց, ըստ էության, իշխանությունները իրենց խոստումը չեն կատարել»,- նշել է նա։

Աբրահամյանը վերահաստատել է, որ իրենց խմբակցությունը աջակցելու է զեկույցի հրապարակման պահանջին։

«Մեր խմբակցության մոտեցումը այս մասով շատ հստակ է․ մենք օբյեկտիվ ենք համարում այդ պահանջը և հնարավորությունների չափով սատարելու ենք այդ նախաձեռնության արդարացի հանգուցալուծմանը»,- եզրափակել է պատգամավորը։

Հանրային–քաղաքական գործիչներն ու 44–օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Նրանք ամեն օր 15:00-ին հավաքվում են ԱԺ մոտ:

44-օրյա պատերազմում զոհված Արման Ղուկասյանի եղբայր և անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանն ասել է․ «Այսքան տարի սպասել ենք եզրակացությանը, քանի որ մեզ խոստացել էին եզրակացությունը լինելու դեպքում իմանալու ենք բոլոր մեղավորների անուններն, ու նրանք էլ ստանալու են իրենց պատիժը։ Մեկ էլ իմանում ենք՝ զեկույցն արխիվացվել է, գաղտնիացվել։ Դա ի՞նչ է նշանակում»:

Leave a Comment