Սիմոնյանը՝ հայհոյանքով միջադեպի մասին․ Սադրանք էր, որևիցե մեկը թող չխաբնվի մեր դաստիարակությանը

Սիմոնյանը՝ հայհոյանքով միջադեպի մասին․ Սադրանք էր, որևիցե մեկը թող չխաբնվի մեր դաստիարակությանը

27 մարտի 2026 – 15:33 AMT

PanARMENIAN.Net – Քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք էր, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով միջադեպին, երբ, արձագանքելով իրեն հայհոյած քաղաքացուն, նա նույն կերպ է պատասխանել։

«Գիտեմ, թե որտեղից է ուղղորդված»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա` հավելելով, որ որևիցե մեկը թող չխաբնվի իրենց դաստիարակությանը, հայտնում է Aysor.am-ը:

«Սա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք էր»,- ընդգծել է նա։

Սիմոնյանը նշել է, որ եթե իրավապահ մարմինները իր գործողությունների մեջ որևէ խախտում արձանագրեն, ապա վստահ է, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն։

«Իսկ եթե գտնեն այն կողմի մարդկանց գործողությունների մեջ բան կա՝ իրենք կգործեն»,- նշել է ԱԺ նախագահը։

ՔՊ-ական, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում Ալեն Սիմոնյանի պահվածքը՝ քաղաքացուն հայհոյելու միջադեպը, և արդյոք չի դատապարտում, ասել է, որ որևէ մեկին չի դատապարտում:

«Ես ոչ մեկին չեմ դատապարտում, բայց հայհոյանքն արքայությունից է գալիս՝ մեծերն են ասում»,- ասել է նա։

Փոխադարձ հայհոյանքներից հետո ոստիկանությունը բերման էր ենթարկել երկու քաղաքացու՝ ակտիվիստ Միքայել Մարգարյանին և Արսեն Վարդանյանին, ով «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ է: Միքայել Մարգարյանն ասել է, որ իրենց բերման էին ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, հայտնում է «Ազատությունը»:

Մարտի 27-ին նրանց ազատ են արձակել՝ վարչական տույժից հետո:

Leave a Comment