27 մարտի 2026 – 12:51 AMT
PanARMENIAN.Net – Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դատական հայց է ներկայացրել քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանի դեմ։ Հայցի հիմքում դրվել են բլոգերի ֆեյսբուքյան էջում փետրվարի 24-ին և 25-ին հրապարակված երկու տեսանյութերը, որոնցում Չախոյանը անդրադարձել է Եռաբլուր զինվորական պանթեոնի մուտքի մոտ իրականացված ճանապարհաշինական աշխատանքների որակին, հայտնում է Factor.am-ը:
«Ուղղակի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը էս ճանապարհը նորոգելու ժամանակ հազար անգամ, եթե ոչ հարյուր հազար անգամ եկել ա ստեղ, տեսանյութեր էր հրապարակում, որ ինքը տեսեք ինչ հզոր ղեկավար ա…եսիմ ինչ ձևերով նկարներ էին անում՝ մենք ենք, հզոր ենք, մենք էս ենք սարքում, մենք էն ենք սարքում։ Ռոմիկ Մխիթարյան, է՞ս ա ձեր սարքածը։ Էսի, Ռոմիկ Մխիթարյան, ձեր կառավարման պատկերն ա, անկեղծ։ Էսի նույն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի էն տերասային նստարաններն ա…
Ուղղակի սա խայտառակություն ա, ու էս խայտառակությունը ոչ մի սահման չունի, անսահման ա։ Մարդիկ որ ամոթ ունենային, սենց աշխատանքներ չէին անի ու չէին գա փիառվելու…»,- նշել է Չախոյանը իր փետրվարի 24-ի տեսանյութում։
Տեսանյութին արձագանքել է Ռոմիկ Մխիթարյանը՝ նշելով, որ բարեկարգման աշխատանքները դեռ ավարտված չեն, և հավելել է, որ պատրաստվում է դիմել դատարան։
Ի պատասխան՝ քաղաքացիական ակտիվիստը նոր տեսանյութ է հրապարակել, որը ևս ներառվել է հայցի հիմքում:
«Ստացվում է՝ Ռոմիկ Մխիթարյանի անցած տարվա դեկտեմբեր ամսվա հայտարարությամբ Եռաբլուրի ճանապարհի կառուցման աշխատանքները ավարտվել էին, սակայն իմ հրապարակած տեսանյութից հետո Ռոմիկ Մխիթարյանի նոր հայտարարությամբ դուրս է գալիս, որ Եռաբլուրի ճանապարհի կառուցման աշխատանքները չէին ավարտվել։ Ռոմիկ Մխիթարյանի այդ երկու մեկը մյուսին հակասող հայտարարությունների օբյեկտիվ և տրամաբանական պատճառը տեսնում եմ միայն մեկ բանի համար, որ իրենք իրենց ձախողումը քողարկելու համար, այսպես ասած, կռուտիտ են լինում»,-ասել էր Չախոյանը:
Ըստ ներկայացված տվյալների՝ հենց այս երկու տեսանյութերում հնչեցված արտահայտություններն են պատճառ դարձել, որ վարչական շրջանի ղեկավարը դիմել է դատարան։ Հայցի եզրափակիչ մասում նշվել է, որ հրապարակումները հանդիսանում են զրպարտություն և վիրավորանք, որոնց հետևանքով պատասխանող Արթուր Չախոյանը վնաս է հասցրել հայցվոր Ռոմիկ Մխիթարյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող պատվի, արժանապատվության և գործարար համբավին:
«Դատարանից խնդրում եմ պարտավորեցնել Արթուր Չախոյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռոմիկ Մխիթարյանից և վճարել 1,5 մլն դրամ՝ որպես փոխհատուցում և ևս 1,5 մլն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում»,- ասվում է հայցադիմումում։
Հայցադիմումը դատարան է մուտքագրվել մարտի 24-ին և մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Մարիաննա Ստեփանյանին։