Թատրոնի միջազգային օրվա առիթով զրուցել ենք Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր և դերասան Նարինե Գրիգորյանի հետ։ Ժամանակներն արագ են փոխվում, իսկ թատրոնն «այստեղ և հիմա» է։ Նարինեի համոզմամբ՝ եթե այսօր հետաքրքիր չես, տասը տարի անց ոչ ոք չի հիշի անցյալի հաջողությունները, ուստի կենսական է ձեռքը միշտ պահել զարկերակին։ Արագացել է նաև կյանքի ռիթմը. եթե առաջ մեկ ներկայացման վրա աշխատում էին ամիսներ կամ տարի, հիմա ամիս ու կեսն էլ բավարար է՝ զուգահեռ հետևելով հասարակության ներսում տեղի ունեցող հոսանքներին ու պրոցեսներին։
Լինելով անմիջական շփման կողմնակից՝ Նարինե Գրիգորյանը թատրոնը դիտարկում է որպես մարդկանց դեմ առ դեմ հաղորդակցության կարևորագույն օղակ։ Համազգայինը, լինելով անկախ Հայաստանի հասակակիցը, անցել է պետության կայացման բոլոր փուլերով՝ յուրովի արձանագրելով մեր երկրի պատմությունը։ Թատրոնի համար այժմ երջանիկ ու պատասխանատու շրջան է.
«Ունենք շենքը․ ուզում ենք ամեն ինչ հասցնել նվեր–քարտից մինչև հաշմանդամների համար վերելակ։ Հիմա բոլոր հին ներկայացումները նոր բեմին ադապտացնելու շրջան է։ Թատրոնը սկսվում է պաստառից. ինձ համար կարևոր է ամեն մանրուք՝ հրավիրատոմսը, ազդագիրը, նույնիսկ ներկայացումների թեմատիկ քանդակները, որոնց ցուցահանդեսն այժմ նախապատրաստում ենք»,- նշում է Նարինե Գրիգորյանը։
Նա գտնում է, որ թատրոնի շենքի յուրաքանչյուր անկյուն պետք է ծառայի արվեստին՝ որտեղ ամեն անկյունում տեղի են ունենում ներկայացումներ, թատերական ընթերցումներ, ցուցահանդեսներ ու ֆիլմերի դիտումներ։ Շարունակելով Սոս Սարգսյանի հիմնադրած թատրոնի ավանդույթները՝ Նարինեն իր ստեղծագործական ոճում տեսնում է վարպետի ձեռագիրը։
«Ես շատ եմ զգում, որ շարունակում եմ Սոս Սարգսյանի սիրելի թատրոնը։ Հիմա, երբ նայում եմ իմ ներկայացումները հասկանում եմ, որ ես այդ ոճն եմ շարունակում։ Նաև երջանիկ եմ, որ թատրոնում այնպիսի սերունդ է մեծանում, որը տեր է իր հայրենիքին, շարունակում է Սոս Սարգսյանի քաղաքացիական հայացքները և հայ մարդու կեցվածքը», – ասում է նա։
Նարինե Գրիգորյանի համար առաջնային է, որ հանդիսատեսը թատրոնից հեռանա լուսավորված և բարություն անելու ցանկությամբ։ Նրա բոլոր բեմադրությունները տանում են դեպի այդ լուսավոր կետը։ Անցյալ տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանը Համազգային թատրոնն արժանացավ բարձր գնահատականի՝ հաղթելով «Լավագույն մանկական», «Լավագույն երիտասարդական» և «Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգերում։ Չնայած այս տարվա երեք պրեմիերաներին՝ ստեղծագործական թիմը կանգ չի առնում և արդեն մտորում է նոր նախագծերի ու թարմ ասելիքի շուրջ։