27 մարտի 2026 – 12:11 AMT
PanARMENIAN.Net – Նախընտրական շրջանում անկասկած թիրախավորելու են արցախցիներին, հայտարարել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, որ «Ղարաբաղի էլիտան փախել է, իսկ արցախցիները չեն կռվել»:
«Սկսելու են անհատապես թիրախավորել և չեմ բացառում, որ ձերբակալություններ լինեն»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»:
Նա նշել է, որ առաջիկայում հնարավոր է հայտարարվի, թե վերադարձի իրավունքի մասին խոսելը կարող է հանգեցնել պատերազմի, ինչպես նաև՝ սոցիալական խնդիրների մեղմման պատճառով Հայաստանն ունի մեծ պետական պարտք։
«Սպասելի էր։ Տարիներ շարունակ հենց իրենք էին քարոզում, որ «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք»»,- ասել է Իսկանդարյանը։
Փաշինյանն ասել է․ «Այդ միֆերը՝ կռվել են մինչև վերջ և այլն, սուտ է, չի եղել նման բան, ես ճիշտ պահի կորոշեմ և թղթերը կհրապարակեմ։ Չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են, ընդ որում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ այն պլանի ներքո, որ այդ ճողոպրումը ներկայացվելու է որպես Հայաստանի Կառավարության դավաճանություն և դրա ծխածածկույթի ներքո ՀՀ-ում իշխանափոխություն են անելու»: