«Կանազ» մշակույթի տանը կստեղծվի կրթական Steam կենտրոն

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է վերականգնել «Կանազ» մշակույթի տունը, որտեղ նախօրեին խոշոր հրդեհ էր բռնկվել


ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանի համար «Կանազ» մշակույթի տան վերականգնումը օրակարգային է: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը։


«Նոր նախագծով, պահպանվելու է կառույցի ճարտարապետական դիմագիծը, առաքելությունը մնալու է նույնը՝ կրթական հարթակ, որը հարյուրավոր երեխաների վերադարձնելու է մշակութային ու գիտական ժամանակակից ու ավելի ընդգրկուն ուսումնական տարածք», – հայտնել է Կարապետյանը: 


Նա նաև տեղեկացրեցլ է, որ կոնցեպտի հիմքում «STEAM» կենտրոնի ստեղծման գաղափարն է, որը բազմաֆունկցիոնալ հարթակ է՝ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի ու մաթեմատիկայի համադրությամբ։ 


Նա ընդգծել է նաև, որ «Կանազ» մշակույթի տունը, դատարանի որոշմամբ, 2024-ին էր վերադարձվել Երևան համայնքին:


«Մինչև այդ, շենքը 2017-ից մասնավորի ձեռքում էր՝ «Արվեստի այբուբեն» մշակույթի հիմնադրամի, որը 10 տարվա ընթացքում խոստացված 480 մլն դրամի ներդրում չէր արել և շենքը հայտնվել էր, մեղմ ասած, անմխիթար վիճակում: 


Համայնքային սեփականության իրավունքի վերակագնումից հետո մշակույթի տանը վերակառուցման աշխատանքներ դեռ չէին սկսվել և պարբերաբար ապօրինի շենք էին ներխուժում կարգազանցներ, կոտրում փականները, վնաս հասցնում շենքին, ինչից հետո դռները նորից կողպվում էին: 


Բարեբախտաբար, շենքի ճակատային հատվածը հրդեհի հետևանքով չի տուժել, այրվել և վնասվել է հիմնականում տանիքն ու ներքին հարդարանքը», – նշել է Կարապետյանը։ 


Հիշեցնենք, որ երեկ ժամը 19–ի սահմաններում խոշոր հրդեհ էր բռնկվել Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։ Հրդեհի վայրում աշխատել է 12 մարտական հաշվարկ։ 


Ժամեր շարունակ նրանք իրականացնում էին հրդեհաշիջման աշխատանքներ։ Հրդեհը մարվել է 23։44–ին։

Leave a Comment