Հայաստանը ներկայացնող գեղասահորդների զույգը հայտնվել է աշխարհի առաջնության լավագույն տասնյակում

Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը՝ գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը, առաջին անգամ հայտնվել է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում։

Պրահայում ընթացող Գեղասահքի աշխարհի առաջնությանը զույգը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ 190,46 միավորով։

Սա պատմական արդյունք է, քանի որ առաջին անգամն է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան նման արդյունք գրանցում:

«Այս արդյունքով նրանք ճանապարհ բացեցին հաջորդ Աշխարհի առաջնությունում ևս մեկ զույգի մասնակցության համար, ինչպես նաև նվաճեցին մեծահասակների Աշխարհի գավաթի (Գրան-Պրի) երկու ուղեգիր, որի իրավունքը շնորհվում է միայն Միջազգային սահքի միության (ISU) կողմից», – նշել է ՀՀ գեղասահքի ֆեդերացիան։

Հայաստանը ներկայացնող մյուս մարզիկը՝ մենասահորդ Սեմյոն Դանիլյանցը, դուրս է մնացել պայքարից: Կարճ ծրագրում նա զբաղեցրել է 26-րդ տեղը՝ վաստակելով 70,94 միավոր:

Գեղասահքի աշխարհի առաջնությունն անցկացվում է մարտի 24-29-ը:

Leave a Comment