27 մարտի 2026 – 11:47 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանը դադարեցրել է ՄԻԵԴ որոշումների կատարման հարցում համագործակցությունը՝ ստեղծելով խնդիրներ վերահսկողության գործընթացում։ Այդ մասին ասվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2025 թվականի տարեկան զեկույցը, որտեղ գնահատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման ընթացքը անդամ պետությունների կողմից։
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը վերջին անգամ տվյալներ է փոխանցել կոմիտեին 2025 թվականի մարտի 18-ին։ Արձանագրվել է, որ 2024 թվականին գրանցված դրական միտումից հետո, 2025 թվականի վերջում փոխհատուցման չկատարված վճարումների դեպքերը 1002-ից հասել են 1066-ի, հայտնում է Factor.am-ը:
Մասնավորապես ավելացել է այն դեպքերի թիվը, երբ վճարումները հետաձգվել են վեց ամսից ավելի՝ կազմելով 691։ 2024 թվականին այս ցուցանիշը եղել է 634։ Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ ընդհանուր առմամբ անդամ պետությունների մեծ մասը փոխհատուցումները կատարել է ժամանակին։ Հիմնական ուշացնող երկրների թվում առանձնացվել են Ուկրաինան և Ադրբեջանը։ Եթե Ուկրաինայում խնդիրները պայմանավորված են պատերազմով, ապա Ադրբեջանի դեպքում նշվել է, որ իշխանությունները դադարեցրել են համագործակցությունը Կոմիտեի հետ և 2025 թվականին դադարել են տեղեկատվություն տրամադրել։
2025 թվականին Նախարարների կոմիտեն ստացել է Ադրբեջանի դեմ 75 գործ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահպանման վերահսկման նպատակով։ 2024 թվականին այդ թիվը կազմել է 62, իսկ 2023 թվականին՝ 84։
Զեկույցում ընդգծվել է, որ համակարգը կարող է արդյունավետ գործել միայն պետությունների ակտիվ ներգրավմամբ, սակայն 2025 թվականին դա չի ապահովվել բոլոր երկրների դեպքում։ Ադրբեջանը այդ տարում ընդամենը երկու անգամ է տեղեկատվություն ներկայացրել Կոմիտեին, որոնցից վերջինը եղել է մարտի 18-ին։ Դրանից հետո երկիրը դադարեցրել է համագործակցությունը ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում։ Այս իրավիճակը գնահատվել է որպես լուրջ ծանրաբեռնվածություն մոնիթորինգի մեխանիզմի համար։
Վիճակագրական տվյալներով՝ Կոմիտեի կողմից վերանայման ենթակա գործերի 10 տոկոսը (397) վերաբերում է Ադրբեջանին։ Մինչև 2025 թվականի ավարտը փոխհատուցման վճարումների վերաբերյալ տվյալներ են սպասվել 169 գործերի մասով, որոնցից 112-ը ուշացել են ավելի քան վեց ամիս։ Կոմիտեի որոշումները վերահաստատել են Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածով նախատեսված Ադրբեջանի պարտավորությունները՝ ամբողջությամբ, արդյունավետ և անհապաղ կատարել ՄԻԵԴ որոշումները։ Նախարարների կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին վերականգնել բարձր մակարդակի երկխոսությունը և ափսոսանք է հայտնել երկարատև լռության ու առաջընթացի բացակայության համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2024 թվականի ապրիլին հայտարարել էր, որ կարող է չընդունել ՄԻԵԴ որոշումները՝ դա հիմնավորելով դատավորների ընտրությանը երկրի չմասնակցելով։
2025 թվականի հունվարին Euronews-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ երկիրը դադարեցրել է համագործակցությունը ԵԽԽՎ-ի և Եվրախորհրդարանի հետ և համագործակցում է միայն Եվրահանձնաժողովի հետ։ Պաշտոնական Բաքուն մերժել է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային քննադատությունը՝ այն որակելով որպես կողմնակալ։ Մարդու իրավունքների պաշտպանները նշել են, որ Ադրբեջանում առկա է մոտ 340 քաղբանտարկյալ։