Էրդողանը փորձում է իսլամական աշխարհը համախմբել և զսպել Իսրայելի հավակնությունները. դիվանագիտական ռեսուրսները բավարա՞ր են




 

1in.am. Մարտի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի Կոնգրես-կենտրոնում ներկա է գտնվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածաշրջանային կառույցների ներկայացուցիչների հետ խորհրդակցությանը և հանդես եկել ելույթով: Այդ մասին հայտնել է «Անադոլուն» և ներկայացրել Էրդողանի խոսքի գլխավոր թեզիսները:


 


Թուրքիայի նախագահն առաջին հերթին ընդգծել է, որ Իրանի «դեմ սանձազերծած պատերազմը վառոդի և արյան հոտով պարուրել է ամբողջ տարածաշրջանը, և նույնիսկ անմեղ երեխաներն են դառնում հրթիռների թիրախ, երբ գտնվում են իրենց դպրոցներում»: Էրդողանի ակնարկն, անկասկած, Իրանում աղջիկների դպրոցի հրթիռակոծման մասին է, որի համար ոչ Իսրայելը, ոչ Միացյալ Նահանգները դեռևս պատասխանատվություն չեն ստանձել: Էրդողանը զարգացրել է միտքը և ձևակերպել, որ «տարածաշրջանը վերջին հարյուր տարում ապրում է ամենածանր օրերը, ցեղասպանության ցանցը, որ կուրացած է ատելությունից և քողարկվում է կրոնական փաստարկներով, տարածաշրջանը տանում է աղետի»:


 


Թուրքիայի նախագահի գնահատմամբ՝ Նաթանյահուն «նշանակետ է ընտրել ոչ միայն Իրանը, այլեւ քայլ առ քայլ իրականացնում է Լիբանանի օկուպացման իր ծրագիրը»: Էրդողանը Թուրքիայի անունից հայտարարել է, որ «ոչ մի տարբերություն չկա մեր եղբայրների և հարևանների միջև» և վստահեցրել, որ «եղբայր և բարեկամ ժողովուրդները աղետի մեջ միայնակ չեն մնա»: Նա Իսրայելին անվանել է «ագրեսոր, որ չի պահպանում ոչ մի սկզբունք, արժեք և նորմ, նրա համար տարբերություն չկա՝ շիադավա՞ն է մուսուլմանը, թե՞ սուննի, թո՞ւրք է, քո՞ւրդ, արա՞բ, թե՞ պարսիկ»:


 


Այս դրույթից Էրդողանը ուղղակի անցել է Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի թեմային, որտեղ, ըստ նրա 1967 թվականից ի վեր առաջին անգամ Իսրայելը ռամադանի տոնին մուսուլմանների մուտքն արգելել: Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ անկախ արգելքի պատճառներից, Ալ-Աքսա մզկիթում կրոնական ծիսակատարությունները չեն կարող խոչընդոտվել, սահմանափակվել կամ արգելվել, քանի որ, ինչպես նա է ձևակերպել, «դա կնշանակի աշխարհի երկու միլիարդ մուսուլմանների արժանապտվության և իրավունքի ոտնահարում»:


 


Ըստ էության, վերջին ընդգծումը կարելի է գնահատել որպես Թուրքիայի նախագահի հիմնական ասելիք, որ նա հասցեագրել է ինչպես Մերձավոր Արևելքի զարգացումների գլխավոր դերակատարներին, այնպես էլ՝ մուսուլմանական աշխարհին: Էրդողանը վերջին մի քանի ամիսներին հետեւողականորեն զարգացնում է այն տեսլականը, որ Իսրայելը «ձգտում է փոխել տարածաշրջանի պատմական, քաղաքակրթական և էթնիկ-կրոնական ստատուս-քվոն»: Նա փաստացի իսլամադավան երկրներին համախմբվելու և միասնաբար Իսրայելի հավակնությունները զսպելու կոչ է անում:


 


Որքանո՞վ արդյունավետ կլինի Թուրքիայի նախագահի այդ քաղաքականությունը, ցույց կտան ժամանակը և իրադարձությունները: Գլխավորը, թերևս, այն է, թե արդյոք Էրդողանին կհաջողվի՞, ինչպես ինքն է ասել՝ «Թուրքիան հեռու պահել պատերազմի կրակներից», թե՞ իրավիճակը կտանի թուրք-իսրայելական զինված առճակատման: Անկայուն, հակաամրտությունների մեջ ներքաշված Թուրքիան չի կարող Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գնալ: Այստեղ, թերևս, կարևոր են Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները, բայց դրանց արդյունավետությունը նույնպես կախված է մերձավորարևելյան կարգավորումից, որտեղ առանցքային է լինելու Միացյալ Նահանգների դիրքորոշումը: Առայժմ ԱՄՆ-ը գետնի վրա իրավիճակում «Իսրայելի պատերազմն է մղում»:


 


 


Leave a Comment