Հայաստանը Վրաստանին խնդրել է տեղափոխել երկու երկրները միացնող գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածը, հայտը հրապարակել է Վրաստանի բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչությունը։
Հայկական կողմի ներկայացրած փաստաթղթով՝ գազատարի տեղադրության փոփոխությունը կապված է այն հանգամանքով, որ դրա հայկական հատվածը գտնվում է Վրաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ սահմանային գոտում և 1990-ականներին ականապատվել է։
«Հաշվի առնելով, որ տվյալ հատվածում հնարավոր չէ պահպանել անվտանգության նվազագույն չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ, երեք երկրների միջպետական համաձայնագրի հիման վրա որոշվել է գազատարի խնդրահարույց հատվածը դուրս բերել ականապատված գոտուց և կառուցել նոր գազատար անվտանգ հեռավորության վրա»,- նշված է տեղափոխման հիմնավորման մեջ։
Նշվում է, որ գազատարը կտեղափոխվի մի քանի կիլոմետրով և կմիացվի նոր հատվածին, որը կառուցվել է հայկական կողմից։
Sputnik-Georgia-ն գրել է, որ Վրաստանից եկող գազատարը բնական գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկն է դեպի Հայաստան։ Հայաստանը գազ է ստանում Ռուսաստանից՝ Վրաստանի տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։
