ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ որոշակի պատժամիջոցներ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այս մասին ասվում է ԱՄՆ կառավարության պաշտոնական փաստաթղթերի ժողովածու՝ Federal Register-ում ներկայացված ծանուցման մեջ։
Պատժամիջոցները սահմանվել են, մասնավորապես, Ռուսաստանի կողմից ԱՄՆ ընտրական գործընթացներին ենթադրյալ միջամտության և Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո։
Փաստաթղթի համաձայն՝ այս սահմանափակումները սահմանվել են 2021 թվականի ապրիլի 15-ին ստորագրված գործադիր հրամանագրի համաձայն և հետագայում խստացվել են։ Սա արվել է Ռուսաստանի «չարամիտ գործունեության» պատրվակով, որը վերաբերում է «ազատ և ժողովրդավարական ընտրություններին խոչընդոտելուն և Միացյալ Նահանգներում, նրա դաշնակիցների և գործընկերների շրջանում ժողովրդավարական ինստիտուտների խաթարմանը», ինչպես նաև «Միացյալ Նահանգների, նրա դաշնակիցների և գործընկերների դեմ ուղղված չարամիտ կիբերհարձակումներին մասնակցելուն»։
Ծանուցագրում նշվում է, որ Ռուսաստանի գործունեությունը «անսովոր և արտակարգ սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար»։ «Այս պատճառով, 14024 գործադիր հրամանագրով հայտարարված արտակարգ դրությունը ուժի մեջ կմնա 2026 թվականի ապրիլի 15-ից հետո», – ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահը ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է պատժամիջոցների ռեժիմի երկարաձգման մասին։
