Թեհրանը Վաշինգտոնին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները – armeniatoday.am

Իրանը պաշտոնական պատասխան է ուղարկել ԱՄՆ-ին Վաշինգտոնի 15 կետանոց առաջարկների վերաբերյալ, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին:

Գործակալության տվյալներով՝ 15 կետից բաղկացած պատասխանը փոխանցվել է միջնորդների միջոցով, և Թեհրանն ակնկալում է ամերիկյան կողմի արձագանքը:

Փաստաթղթում Իրանը պահանջում է դադարեցնել «ագրեսիան և ահաբեկչական գործողությունները», տալ պատերազմի չկրկնվելու երաշխիքներ, հստակ սահմանել և ապահովել կրած կորուստների փոխհատուցումների վճարումը, ինչպես նաև ավարտել բոլոր ճակատներում և բոլոր ներգրավված ուժերի հետ հակամարտությունը։ Աղբյուրը նաև նշել է, որ Թեհրանը պնդում է Հորմուզի նեղուցի նկատմամբ իր ինքնիշխանության ճանաչումը և մյուս կողմի կողմից պարտավորությունների կատարման ապահովումը:

Աղբյուրը հավելել է, որ 12-օրյա պատերազմից հետո Իրանը չի վստահում ԱՄՆ-ի բանակցություններ վարելու մտադրություններին, քանի որ, նրա պնդմամբ, Վաշինգտոնը նախկինում բանակցային գործընթացի ընթացքում ռազմական գործողություններ էր սկսել:

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել են Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ են հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Իրանը խնդրել է բանակցություններ, պատրաստ է զիջումների, և քննարկում է ԱՄՆ-ի կողմից առաջարկված 15 կետից բաղկացած փաստաթուղթը: Թեհրանը պատասխանել է, որ Թրամփի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը և հետապնդում են մեկ նպատակը՝ «հանգստացնել» նավթային շուկաները:

Leave a Comment