«Կանազը» կվերածվի STEAM կրթական հարթակի

«Կանազը» կվերածվի STEAM կրթական հարթակի

26 մարտի 2026 – 19:00 AMT

PanARMENIAN.Net«Կանազ» նախկին մշակույթի տունը, դատարանի որոշմամբ, 2024-ին էր վերադարձվել Երևան համայնքին, նոր նախագծով այն կվերածվի STEAM կրթական հարթակի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը:

Նոր նախագծով, պահպանվելու է կառույցի ճարտարապետական դիմագիծը:

«Մինչև 2024 թվականը շենքը 2017-ից մասնավորի ձեռքում էր՝ «Արվեստի այբուբեն» մշակույթի հիմնադրամի, որը 10 տարվա ընթացքում խոստացված 480 մլն դրամի ներդրում չէր արել և շենքը հայտնվել էր, մեղմ ասած, անմխիթար վիճակում: Համայնքային սեփականության իրավունքի վերակագնումից հետո մշակույթի տանը վերակառուցման աշխատանքեր դեռ չէին սկսվել և պարբերաբար շենք էին ներխուժում կարգազանցներ, կոտրում փականները, վնաս հասցնում շենքին, ինչից հետո դռները նորից կողպվում էին:

Բարեբախտաբար, շենքի ճակատային հատվածը հրդեհի հետևանքով չի տուժել, այրվել և վնասվել է հիմնականում տանիքն ու ներքին հարդարանքը:

Նոր նախագծով, վթարային շենքը վերականգնվելու էր և վերապրոֆիլավորվելու. պահպանվելու է կառույցի ճարտարապետական դիմագիծը, առաքելությունը մնալու է նույնը՝ կրթական հարթակ, որը հարյուրավոր երեխաների վերադարձնելու է մշակութային ու գիտական ժամանակակից ու ավելի ընդգրկուն ուսումնական տարածք: Նոր կոնցեպտի հիմքում «STEAM» կենտրոնի ստեղծման գաղափարն է, որը բազմաֆունկցիոնալ հարթակ է՝ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի ու մաթեմատիկայի համադրությամբ»,- գրել է Կարապետյանը։

«Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շենքում բռնկված հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մարտի 25-ին ժամը 19։12-ին ՆԳՆ ՓԾ-ն ահազանգ է ստացել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։ Հրդեհը մարվել է ավելի քան չորս ու կես ժամ անց՝ ժամը 23։44-ին։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի շենքի առաջին հարկ և հարակից բնակելի կառույցներ։

Leave a Comment