ՀՀ ՍԴ որոշումը՝ ժողովրդավարության լավագույն դրսևորում

ՀՀ ՍԴ որոշումը՝ ժողովրդավարության լավագույն դրսևորում

ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ։ Երևանի քաղաքապետարանը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված որոշ փոփոխություններ, որոնք ՊՎԾ-ին թույլ էին տալու ստուգումներ իրականացնել ՀՀ բոլոր ՏԻՄ-երում։ Եվ ահա ՀՀ բարձրագույն դատարանը գտել է, որ ՊՎԾ-ն նման իրավասություն չի կարող ունենալ։

Տեղի ունեցածը, կարելի է ասել, պատմական նշանակություն ունի, իսկ հայկական ժողովրդավարության տեսանկյունից գուցե թե նաև աննախադեպ է։ Պետական մարմինների իրավասությունների միջև վեճը փաստացի հանգուցալուծվել է ինստիտուցիոնալ եղանակով։ Ի հեճուկս նախկին տարածված պրակտիկայի, երբ պետական մարմինների միջև հակասությունները լուծվում էին կուլիսային պայմանավորվածություններով, այսժամ հարցը հասել է բարձր դատարան և իր տրամաբանական լուծումը ստացել։ Հայկական պրակտիկայում թերևս աննախադեպ երևույթ է, որ պետական մարմինները միմյանց լիազորությունների շուրջ վեճը տեղափոխել են դատարան։ Սա թերևս ժողովրդավարության լավագույն ցուցիչն է, որ որևէ մասնավոր պայմանավորվածություններ, սակարկություններ, կուլիսային փակ գործընթացներ տեղի չեն ունեցել, այլ իրավական վեճը հանգուցալուծվել է դատարանում։

Հաճախ է լրահոսում պատահում, որ ԱՄՆ-ում, ՄԹ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում բարձր դատարանը որոշում է պետական մարմինների վեճը, և ընթերցողն ակամայից մտածում է՝ ինչպիսի՜ հասուն ժողովրդավարության հետ գործ ունենք։ Վերջերս, օրինակ, ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկեց նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը՝ դրանք ճանաչելով հակասահմանադրական։ ՀՀ ՍԴ վերոնշյալ որոշման հիմքով կարելի է փաստել, որ Հայաստանը նույնպես ընթանում է այս ճանապարհով։

Պետական մարմինների միջև հակասությունների հարցով կայացվում է ինստիտուցիոնալ որոշում, և, փաստորեն, չկա ճնշում դատարանի վրա, իսկ վերջինս կաշկանդված չէ քաղաքական համատեքստով։ Փաստացի գործ ունենք իրավիճակի հետ, որ այսօր ՀՀ վարչապետի ենթակայության ներքո գտնվող Պետական վերահսկողական ծառայության՝ ստուգումներ իրականացնելու լիազորությունը ՀՀ բոլոր, այդ թվում՝ ընդդիմության կողմից կառավարվող համայնքներում, ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է հակասահմանադրական։ Տեղին է հիշել, որ ոչ վաղ անցյալում՝ 2003թ., երբ ՀՀ ՍԴ-ն որոշում էր կայացրել նախագահի վստահության հանրաքվե անցկացնելու մասին, Քոչարյանի իշխանությունը ոչ միայն դա չիրականացրեց և փաստացի արհամարհեց ՀՀ ՍԴ որոշումը, այլև ծեծուջարդով ցրեց այդ պահանջով փողոց դուրս եկած ընդդիմության ցույցը։ ՍԴ նախկին դատավոր Վլադիմիր Պողոսյանն էլ ժամանակին պատմում էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին, թե ինչպես էր Քոչարյանի աշխատակազմը ճնշում ՀՀ ՍԴ-ին՝ 2008թ. նախագահական ընտրություններում ցանկալի որոշում պարտադրելու համար։ Այս հակասությունն, անշուշտ, չի կաշկանդում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու ընդդիմադիր շրջանակներին՝  շարունակել մեղադրանքներ հնչեցնել, թե Հայաստանում ժողովրդավարության նահանջ կա։ Եվ, իսկապես, ժողովրդավարության նահանջն ուրիշ ի՞նչ կերպ է լինում, երբ Քոչարյանն իր ժամանակ արհամարհում էր ՍԴ որոշումը, իսկ այսօր ՍԴ-ն որոշում է, որ վարչապետի ենթակայության ներքո գործող մարմնի որոշ լիազորություններ հակասահմանադրական են։

Արձանագրենք, որ պետական մարմինների լիազորությունների շուրջ վեճի հանգուցալուծումը ժողովրդավարական պետություններին բնորոշ գործընթաց է։ Այդ որոշումից, ըստ էության, օգտվելու են ՀՀ բոլոր ՏԻՄ-երը, որոնք ստանում են ամուր իրավական երաշխիքներ իրենց գործունեությունն իրականացնելու համար՝ տեղական ինքնակառավարման սկզբունքին համապատասխան։

Նշենք նաև, որ ՀՀ Սահմանադրական դատարանը չի կաշկանդվել փաստից, որ իր քննության ներքո վիճարկվել է ՀՀ վարչապետին ենթակա մարմնի լիազորությունների հարցը։ Բարձր դատարանի համար սահմանափակող նշանակություն չի ունեցել նաև այն հանգամանքը, որ ՊՎԾ-ի մասին օրենքում կատարված փոփոխություններն արժանացել էին կառավարության հավանությանը, խորհրդարանում անցել երկու ընթերցում և ստորագրվել ՀՀ նախագահի կողմից։ Այս փաստը հավելյալ խոսում է պետական ինստիտուտների միջև հավասարակշռության սկզբունքի գոյության և բնականոն աշխատանքի մասին։

Leave a Comment