Տարեսկզբից խոստացված աշխատավարձերի բարձրացումը Շտապօգնության ծառայությունում երեք ամիս անց դեռ թղթի վրա է։ Առաջիկա բարձրացումների մասին Երևանի քաղաքապետը հայտարարել էր դեռ հունվարի 15-ին։ Մարտի 16-ին գործակարգավարական նիստում Առողջապահության վարչության պետը հաստատեց. աշխատավարձերի բարձրացումը չի իրականացվել ու պարզ չի երբ կլինի։
Շտապօգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանն Armenia Today-ին վստահեցնում է՝ գործընթացն ընթացքի մեջ է։
«Մենք դեպքեր ենք ունենում, երբ լրիվ անմեղ է լինում վարորդը։ Այդ դեպքում որևէ գումար չի ծախսում։ Դեպքեր ենք ունենում, երբ 50/50 է լինում։ Այսինքն՝ 50% մենք ենք մեղավոր, 50%՝ դիմացինը։ Էդ դեպքում մենք վերլուծություն ենք անում, այդ վարորդն ընդհանրապես ունեցե՞լ է վթար, թե՞ չի ունեցել։ Ինչ-որ տեղ դա հաշվի ենք առնում։ Վարորդին լրիվ ազատե՞նք այդ բեռից։ Ասենք, կասկոն կա, դու լրիվ ազատված ես, ծախս չանե՞ս։ Ես օրինակ համակարծիք չեմ, որոշակի բեռ պետք է վարորդի վրա մնա»,- ասում է նա։
Մա՞րտ, թե՞ ապրիլ, ե՞րբ կբարձրանա՝ հստակ ասել չեն կարող. ամսվա վերջում ֆինանսական հաշվարկից հետո նոր միայն պատկերը պարզ կլինի։
Armenia Today-ին դիմած վարորդները, որոնք հրաժարվեցին խոսել տեսախցիկի առջև, նշում են՝ աշխատավարձի բարձրացման խոստումները նոր չեն։ Ավելին՝ նրանց եկամտից երբեմն պահումներ են արվում վառելիքի գերածախսի համար, երբ խցանումները շրջանցելիս փորձում են հիվանդին օպերատիվ տեղափոխել բուժկենտրոն։
Բացի այդ, հերթափոխից հետո մեքենաները մաքուր հանձնելու համար վարորդները երբեմն դրանք լվանում են սեփական միջոցներով, իսկ վթարների դեպքում՝ որոշ դեպքերում ստիպված են լինում հոգալ նաև վերանորոգման ծախսերը
Շտապօգնությունից արձագանքում են, մոտեցումները արդար են։ «Որ վարորդը կարմիր լույսի տակով անցնում է ու ձայնը չի միացնում, ո՞վ է մեղավոր այդտեղ։ Ապահովագրական ընկերությունը եզրակացություն է տալիս, որ դու մեղավոր ես, որովհետև դու խախտում անելուց ձայնայինը չես միացրել»,- նշում է Գրիգորյանը։
Կառույցի տնօրենի խոսքով՝ շտապօգնության մասնակցությամբ վթարների մեծ մասը ոչ ծառայողական ժամերին են։ Ասում է՝ անգամ ծառայության ընթացքում միշտ չէ, որ անհրաժեշտ է օգտվել արտոնություններից։
Տնօրենը պնդում է՝ բրիգադի ղեկավարը բժիշկն է ու միայն նա է որոշում հրատապության աստիճանը։ Շտապօգնության բժիշկ Գարիկ Մաթևոսյանն ասում է՝ դժվարությոններից ամենամեծը աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկն է։
«Օրից է կախված։ Մեծամասամբ՝ 20 կանչ լինում է։ Հիմնականում գոհ են լինում, բայց դե բացառություններ ևս կան միշտ է»,- պատմում է նա։
Քաղաքացիներն ակնկալում են անհապաղ արձագանք, սակայն լարված իրավիճակներում բռնության դեպքերը բազմաթիվ են։
Վերջին աղմկահարույց միջադեպի մասին ՆԳՆ-ն հայտնել էր փետրվարի 24-ին. Մեծամորում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձինք վեճի էին բռնվել և բռնություն գործադրել կանչով ժամանած շտապօգնության բրիգադի նկատմամբ։
Երևանի փողոցներում հիմնականում զիջում են, հավաստիացնում է վարորդներից մեկը, սակայն խոստովանում է՝ հակառակ պատկերին ևս բախվում են։
«Ճանապարհ բացեն, որովհետև այդ մեքենան ստից տեղը չի գնում ինչ-որ մի տեղ․ գնում է կանչերի, գնում է մարդկանց կյանքեր փրկելու»,- նշում է նա։
Քաղաքապետարանից Armenia Today-ին հայտնում են՝ միայն նոր ավտոմեքենաներն են կասկո ապահովագրություն անցել։
Պատճառը բարձր արժեքն է և վթարայնության մակարդակը, ինչի պատճառով ապահովագրական ընկերությունները հաճախ հրաժարվում են համագործակցությունից։
«Մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել։ Ինքնին ապահովագրական ընկերությունները ցանկություն չունեն մեզ հետ կնքելու կասկո պայմանագիր կամ ունեն ցանկություն՝ շատ-շատ բարձր գներով»,- պարզաբանում է նա։
Տնօրենը հավելում է, որ ռիսկ կա․ ապահովագրությունը կարող է վարորդներին տալ խախտումներ անելու «անպատժելիության» զգացում։
Ինչ վերաբերվում է գերծախսին, տնօրենը պնդում է ամիսներիվ ուսումնասիրել են վառելիքի ծախսը և հասկացել, որ որոշ վարորդներ գերազանցել են սահմանված նորմաները։ Այդ դեպքում չեն շարունակել աշխատանքը ու հեռացել են։
«Ունեցել ենք դեպքեր, երբ վարորդներից պահվում է, որովհետև այդ վարորդներն անբարեխիղճ ձևով են մոտենում։ Իրենք իրենց մեքենաներն այդ ձևով չեն վարում։ Իսկ ի՞նչ է, որ այդ գույքը մեր հիմնարկինն է, պետությանն է, պետք է այդ ձևո՞վ վերաբերվել։ Հիմա էլ վարորդների մեծ մասը տեղավորվում է այդ նորմաների մեջ։ Մի քանի անձ կա, որ իրենք հաճույք են ստանում կամ այդպես են վարում մեքենան։ Իրենք տեղավորվում են նրանում, որ իրենցից պահվի»,- պարզաբանում է նա։
Մեկ հերթափոխի համար 15 հազար դրամ ստացող և ամեն անգամ մեքենայի լվացման համար սեփական գրպանից 600 դրամ վճարող վարորդների խնդրի մասին տնօրենը պնդում է՝ առաջին անգամ է լսում։ Ասում է տեխնիկա ունեն, վարորդնեը պետք է ինքնուրույն լվանան մեքենաները գիշերային հերթափոխից հետո: Եթե նախընտրում են վճարովի լվացման կետերը, ապա պետք է դա անեն սեփական միջոցներով։
Բայց պետք է զգույշ լինեն, որ մեքենայից սարքավորումներ չկորեն․ շինաներ, վիրակապեր, մոնիտորներ, պուլսօքսիմեր, պատգարակ, կաթիլային համակարգեր, դեղորայք․․․
Մինչ պաշտոնյաները խոսում են համակարգի կարգավորման և վերահսկողության մասին, վարորդները շարունակում են աշխատել նույն պայմաններում՝ սպասելով ոչ միայն աշխատավարձի խոստացված բարձրացմանը, այլև աշխատանքային միջավայրի իրական բարելավմանը։
Հարցը, թե երբ խոստացված բարեփոխումները թղթից կտեղափոխվեն գործնական դաշտ, մնում է բաց։
