ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթի ընթացքում դիմել է ընդդիմությանը՝ խորհուրդ տալով ավելի հաճախ լսել իրենց և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները՝ նշելով, որ բարձրացվող հարցերի մեծ մասի պատասխաններն արդեն բազմիցս տրվել են։
Սիմոնյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Լեռնային Ղարաբաղի հարցը հասցվել էր փակուղու․ բանակցությունները կանգ էին առել, բանակը գտնվում էր վատ վիճակում, իսկ ԼՂ-ն դուրս էր մնացել բանակցային գործընթացից։ Նրա գնահատմամբ՝ այս ամենը հանգեցրել էր մի իրավիճակի, որտեղ պատերազմը դարձել էր անխուսափելի։
«Այդ պատերազմն անխուսափելի էր»,- ընդգծել է նա։
«Պատերազմը տեղի ունեցավ մեծ աշխարհաքաղաքական լուծումներ տալու համար: Մեծ պլան գոյություն ուներ: Պլանը հետևյալն էր՝ պետք է Ուկրաինայում պատերազմ լիներ, այս տարածաշրջանը պետք էր կիսել: Այդ ժամանակ ով էլ լիներ՝ Սերժ Սարգսյանը թե Ռոբերտ Քոչարյանը, 90 տոկոս հավանականությամբ, դա լինելու էր: Եթե այն 10 տոկոսն էլ թողնում եմ նրան, որ կարող էր ինչ-որ պլան լինել, որ, ենթադրենք, Հայաստանը մտներ, դառնար Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության մի հատված, կարող էր մի քիչ ուրիշ ձև լիներ այդ պատերազմը, բայց այն, որ տարածաշրջանը կիսվելու էր Ուկրաինայի գալիք պատերազմի համար, անխուսափելի էր՝ ուզում է Նիկոլ Փաշինյանը լիներ, ուզում է՝ Ռոբերտ Քոչարյանը»,- նշել է նա։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած զարգացումներին՝ Սիմոնյանը նշեց, որ առաջարկ է եղել ԼՂ ղեկավարության և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում կազմակերպել Սոֆիայում, սակայն դա չի կայացել. «Չասեմ՝ ով, բայց չթողեցին, որ գնային հանդիպման… Ես այդ խոսակցությանը ներկա եմ եղել»։
Նրա խոսքով՝ այս հանգամանքը նպաստել է հետագա ռազմական գործողություններին, որոնք հանգեցրել են ԼՂ հայ բնակչության դուրսբերմանը։
ԼՂ բնակչության վերադարձի վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին անդրադառնալով՝ Սիմոնյանը բարձրացրեց անվտանգության հարցը․ «Լավ է հնչում, բայց դուք այդ մարդկանց անվտանգությունն ապահովելո՞ւ եք»։
