Երբ ես վարչապետ չլինեմ, դուք 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով լրագրող Վահե Մակարյանին. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Երբ ես վարչապետ չլինեմ, դուք 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով լրագրող Վահե Մակարյանին։
«Ձեր քվեարկությունը գաղտնի է, և Դուք քվեարկության օրը գիտեմ, թե ում օգտին կքվեարկեք. դուք կքվեարկեք «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ Դուք հիմա այլ բան չեք ասում, որովհետև վաղվանից կկտրվի ձեր ֆինանսավորումը։ Իսկ երբ չքվեարկեք «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, էլի կտրվելու է Ձեր ֆինանսավորումը»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ վերջինիս գործունեությունն «անիմաստ է դառնալու», քանի որ նման լրագրողի կարիք Հայաստանում այլևս չի լինելու։
«Դուք հիմա լրագրող եք աշխատում, աշխատանք ունեք, որովհետև ես վարչապետ եմ, որովհետև էն մարդիկ, ովքեր ձեզ ֆինանսավորում են, իրենց պետք եք Դուք, որ գաք էս միկրոֆոնի տակ կանգնեք»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ իր ուժեղությունը ոչ թե «ծնոտին տալու» մեջ է, այլ լեգիտիմության՝ հորդորելով լրագրողին գումար ծախսել և բարձրացնել կրթական և պրոֆեսիոնալ մակարդակը։
Վարչապետը նաև ներողություն խնդրեց, եթե վիրավորել է լրագրողին՝ կարծիք հայտնլով, որ երկուսն էլ պիտի աշխատեն մասնագիտական և վարքագծային որակները բարձրացնելու ուղղությամբ։