Ես ՀՀ վարչապետն եմ և ինձ հաշիվ եմ տալիս, թե ինչ պետություն է ՌԴ-ն, ինչ պետություն է ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ինչ է ԵՄ-ն։ Գիտեք, սովորաբար ես եմ իրենցից հանդիպում խնդրում և ոչ թե հակառակը, և դա նորմալ է։ Այո՛, ես խնդրում եմ բոլորին էլ հանդիպել, և դա բացարձակապես ո՛չ ամոթ է, ո՛չ էլ նվաստացուցիչ է։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հաստատելով, որ ինքն է ՌԴ նախագահից հանդիպում խնդրել, և քննարկվել է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան երրորդ կողմին փոխանցելու հարցը։
«Այսինքն՝ ՌԴ նախագա՞հը պետք է ինձնից հանդիպում խնդրի. բա ե՛ս պետք է խնդրեմ, բա ո՞վ պետք է խնդրի, կամ Ֆրանսիայի նախագա՞հը պետք է հանդիպում խնդրի՝ ինչքան էլ մենք շատ ջերմ անձնական հարաբերություններ ունենք… Հակառակ կերպ մտածելը նշանակում է իրականության զգացումը կորցնել, և ես այդ հանդիպումները խնդրում եմ մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար»,- ասաց Փաշինյանը։
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ բարձրաձայնել է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան երրորդ կողմին փոխանցելու հարցը, և ժամկետների հարց է դրվել՝ նա նշեց՝ ժամկետներ չկան, բայց այնպես էլ չէ, որ անժամկետ է։
«Հույս ունենք գործընկերային այդ հարցին լուծում տալ»,- ասաց Փաշինյանը։
Իսկ հաստատո՞ւմ է, որ քննարկվում է կոնցեսիան ղազախական ընկերությանը փոխանցելու հարցը՝ Փաշինյանը պատասխանեց.
«Դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և ՌԴ-ի միջև կա փոխադարձ ըմբռնում, և ղազախական ընկերությունը երկուսիս համար էլ ընդունելի է… Բայց ՌԴ-ի գործընկերները դեռ չեն ասել՝ «Լավ, համաձայն ենք, եկեք տենց անենք»։ Քննարկումն այլ ռեժիմով է, բայց այդպիսի գաղափարներ կան քննարկվող։ Առաջնահերթություններ չկան, հարցը չի քննարկվում, թևածող կամ քայլող գաղափարներ կան»։