Վիվիան Ալեքսանդրա Գոմեսը Ֆլորիդայից ժամանել է Կալիֆոռնիա՝ մոդել Քրիստինա Գուրկանիին հետույքի սիլիկոնային ներարկում կատարելու նպատակով. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում (Bay Area) դատավարություն է նշանակվել Ֆլորիդայից մի կնոջ նկատմամբ, որը մեղադրվում է կոսմետիկ ներարկում կատարելու մեջ, ինչի հետևանքով մահացել է Քիմ Քարդաշյանի նմանակը համարվող կինը, հայտնում է CBSnews-ը։
Ըստ մեղադրանքի՝ 53-ամյա Վիվիան Ալեքսանդրա Գոմեսը 2023 թվականի ապրիլին Ֆլորիդայից ժամանել է Կալիֆոռնիա՝ մոդել Քրիստինա Գուրկանիին հետույքի սիլիկոնային ներարկում կատարելու նպատակով։
Հանդիպումը տեղի է ունեցել Burlingame Marriott հյուրանոցում, որտեղ Գոմեսն իրականացրել է միջամտությունը։ Դատախազների փոխանցմամբ՝ ներարկումից անմիջապես հետո մոդելի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Նա տեղափոխվել է Mills Peninsula հիվանդանոց, սակայն հաջորդ օրը մահացել է շնչառական անբավարարությունից և թոքային էմբոլիայից։
53-ամյա Վիվիան Ալեքսանդրա Գոմեսին առաջադրվել են մեղադրանքներ անզգուշությամբ մահ պատճառելու և առանց լիցենզիայի բժշկական գործունեությամբ զբաղվելու համար՝ մարմնական ծանր վնասվածքների հասցման հանգամանքներով։ Գոմեսն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված բոլոր կետերով։
Սան Մատեո շրջանի դատախազությունը հայտնել է, որ երդվյալ ատենակալների ընտրությունը նախատեսված է սկսել մարտի 9-ին, իսկ կողմերի ներածական ելույթները՝ մարտի 11-ին։ Ակնկալվում է, որ դատավարությունը կտևի շուրջ չորս շաբաթ։
Գոմեսը ներկայումս ազատության մեջ է 200,000 դոլար գրավի դիմաց, սակայն նրա նկատմամբ կիրառվել են խիստ սահմանափակումներ։ Նրան հրամայվել է հանձնել ԱՄՆ-ի և Կոլումբիայի անձնագրերը, իսկ տեղաշարժը հսկվում է GPS սարքի միջոցով․ նա չի կարող լքել Կալիֆոռնիան։
Դատարանի որոշմամբ՝ Գոմեսին արգելված է իրականացնել որևէ բժշկական կամ կոսմետիկ միջամտություն, ինչպես նաև ունենալ նման գործողություններ կատարելու համար նախատեսված գործիքներ։