«Ես բացառում եմ նմանատիպ որևէ քննարկում». Արաբկիրի համայնաքապետը՝  Կանազի արյված շենքը հյուրանոցի կամ բազմաբնակարանի վերածելու մասին


Կանազի շենքի ճակատագրի վերաբերյալ քննարկումներ եղել են թե քաղաքապետւի, թե փոխքաղաքապետի գլխավորությամբ։ Լրագրողների հետ զրույցում ասել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը։

Նրա խոսքով, հիմա շենքի վերակառուցման նախագիծ է մշակվում, որպեսզի այն հետագայում ծառայի բնակիչներին։

«Համենայն դեպս շենքը քանդելու ոչ մի ծրագիր քաղաքապետարանը չունի, ունի վերակառուցելու ու ժողովրդին ծառայեցնելու մտադրություն»,-ասաց վարչական շրջանի ղեկավարը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, որ մտադրություն կա շենքը վերածել հյուրանոցի կամ տեղում բազմաբնակարան համալիր կառուցել։

 «Ես բացառում եմ նմանատիպ որևէ քննարկում»,-նշեց Վարոսյանը;

Նրա խոսքով, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ քիչ առաջ զրուցել է, ասել են, որ հնարավոր է պահպանել շենքի ճարտարապետական տեսքը, վերակառուցումն էլ կլինի ճարտարապետական տեսքի պահպանմամբ։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ժամը 19։12-ին ՆԳՆ ՓԾ-ն ահազանգ է ստացել, որ հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։  Հրդեհը կարողացել են մարել ավելի քան չորս ու կես ժամ հետո՝  ժամը 23։44-ին։ 

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի շինության առաջին հարկ և հարակից բնակելի շենքեր։


Leave a Comment