Տարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվեն

Տարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվեն

26 մարտի 2026 – 12:30 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանում տարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվեն, որպեսզի վարչական կառավարման արդյունավետությունը բարձրանա, ֆինանսական ռեսուրսներն օպտիմալ օգտագործվեն, կառավարման գործընթացները պարզեցվեն։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

«Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ները կմիանան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոնին», ինչի արդյունքում ստեղծվել են Աջափնյակի և Նուբարաշենի մասնաճյուղերը, հայտնում է Sputnik Արմենիան:

Բացի այդ, «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» և «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ները ևս միավորվել են՝ ձևավորելով Մարի Իզմիրլյանի մասնաճյուղ։

Միավորվել են նաև «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնն» ու «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոնը», որոնց հիմքով ստեղծվել է Մալաթիա–Սեբաստիայի մասնաճյուղը։

Վերակազմավորման գործընթացը տարածվել է նաև «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնին» և «Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ին», ինչի արդյունքում ձևավորվել է Գյումրու մասնաճյուղը։

«Նշված յուրաքանչյուր դեպքում կազմակերպությունն իրականացնում է մեկ տեսակի գործառույթ, որը դժվարություններ է ստեղծում խնամքի կամ աջակցության այլ տեսակի ծառայության կարիք ունեցող անձանց կամ նրանց ընտանիքներին աջակցելու գործընթացում։ Միևնույն ժամանակ իրականացվում է միատեսակ ծառայությունների կարիք ունեցող անձանց կենտրոնացում մեկ հաստատությունում, որը դեմ է ներառականությանը, ինչպես նաև խոչնդոտում է մասնագետների հավասարաչափ պրոֆեսիոնալիղմի ձևավորմանը։ Վերակազմավորման արդյունքում հնարավոր կլինի կրճատել այն հաստիքները, որոնք իրականացնում են փոխկրկնվող կամ համընկնող գործառույթներ, ինչն էլ կնվազեցնի ընդհանուր վարչական ծախսերը և կզարգացնի կառավարման արդյունավետությունը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Որոշման մեջ նաև նշվել է, որ միացվող կազմակերպությունները ընտրվել են՝ հաշվի առնելով դրանց գործունեության ուղղվածությունը, մատուցվող ծառայությունների բովանդակությունը և տեղակայման վայրը։

Leave a Comment