Անհայտ անօդաչու թռչող սարքը հարվածել է Թուրքիային պատկանող Altura նավթատարի, որը Ռուսաստանից տեղափոխում էր 140 000 տոննա նավթ, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով թուրքական NTV, HaberDenizde և Denizhaber լրատվամիջոցների տվյալներին։
Նշվում է, որ հարվածը հասցվել է Բոսֆորի նեղուցից 15 ծովային մղոն հեռավորության վրա:
Ըստ Denizhaber-ի՝ հարձակումը կատարվել է միաժամանակ օդային և ծովային անօդաչու սարքերով, ինչպես նաև ուղեկցվել է կիբեռաջակցությամբ: Հրապարակման մեջ ընդգծվում է, որ նավթով լցված նավատարի վրա հարձակումն օրակարգ է բերել «հնարավոր բնապահպանական աղետի սցենարը»:
Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են մեկնել Թուրքիայի առափնյա պահպանության ծառայության և փրկարարական նավերը: Altura նավթատարը գտնվում է Եվրոպական միության, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ: Ըստ Bloomberg-ի՝ Suezmax դասի նավը Նովոռոսիյսկից տեղափոխում էր Urals տեսակի նավթ և գտնվում է թուրքական Pergamon Denizcilik ընկերության սեփականության ներքո:
