Արցախցիների բնակարանային ծրագրով աջակցության չափերը կվերանայվեն

Արցախցիների բնակարանային ծրագրով աջակցության չափերը կվերանայվեն

26 մարտի 2026 – 13:19 AMT

PanARMENIAN.NetԱրցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով նախատեսված աջակցության չափերը կվերանայվեն։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ընդլայնել են 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որոնք 611–ն են՝ ավելացնելով 150 բնակավայր, հայտնում է Sputnik Արմենիան:

«Խոսքը վերաբերում է Երևանին սահմանակից համայնքներին, նախկինում այս համայնքներում շահառուները կարող էին ստանալ միայն 3 մլն դրամի փոխհատուցում։ Արդյունքում Երևանը կմնա 3 մլն դրամի աջակցության սահմանում, մերձակա համայնքները 4 մլն դրամի։ Այդ համայնքներն են Աշտարակ, Արտաշատ, Մասիս, Փարաքար, Աբովյան, Նայիրի, Նոր Հաճն, Գառնի, Ջրվեժ։ Որոշ սահմանամերձ համայնքներ կշարունակեն մնալ 5 մլն դրամի աջակցության սահմաններում»,– նշել է նախարարը։

Թորոսյանի ներկայացրած տվյալներով՝ երևանամերձ այս համայնքներում, որոնք ներառում են 150 բնակավայր, բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված մոտ 25 հազար մարդ։

Բացի այդ, ծրագրի փոփոխություններով առաջարկվել է ընտանիքի անդամ համարել մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաներին՝ անկախ նրանից, թե երբ են ընտանիքի անդամները ներկայացրել առցանց դիմում-հայտարարությունը և ստացել հավաստագիրը։

Փոփոխվել է նաև հիփոթեքային վարկերի մարման աջակցության կարգը։ Այժմ, ըստ նախարարի, այս հնարավորությունից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական տուն կառուցելու համար 2025 թ. հուլիսի 1-ի դրությամբ ստացել են ոչ թե հիփոթեքային վարկ, այլ դրա վերաֆինանսավորման նպատակով տրամադրված սպառողական վարկ՝ անշարժ գույքի գրավով։

Նախարարը ներկայացրել է նաև վերջին վիճակագրական տվյալները, ըստ որոնց՝ մարտի 25-ի դրությամբ տրամադրվել է 5232 սերտիֆիկատ, որոնցից իրացվել է 2336-ը՝ շահառուները կամ ձեռք են բերել բնակարան, կամ գտնվում են կառուցման փուլում։

Այս համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է խաղաղության, արցախցիների վերադարձի և տարածաշրջանային սպառնալիքների թեմաներին։

«Երբ տարիներ առաջ ասում էինք, որ մեր նավը պետք է հասնի խաղաղ նավահանգստի, մենք հիմա այն հասցրել ենք նավահանգստի, ուղղակի մեզ այդ նավի ուղևորներիս, պետք է խաղաղվել: Իսկ դա նշանակում է տնավորվել, բոխչաները քանդել և դասավորել պահարաններում, այսինքն անցնել մշտական բնակության ռեժիմի։ Հակառակ դեպքում` եթե մեր տարածաշրջանում վերադարձի այդ օրակարգի թափանիվը պտտեցինք, տարածաշրջանից մեծ կտոր ականջն է մնալու»,– հայտարարել է նա։

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի հունիսին։ 242 բնակավայրում բնակարան ձեռք բերելու դեպքում մեկ անձի հաշվով տրամադրվում է 5 մլն դրամ աջակցություն, 142 բնակավայրում՝ 4 մլն դրամ, իսկ մնացած վայրերում, այդ թվում՝ Երևանում (բացառությամբ՝ 1-ին և 2-րդ գոտիների), սահմանվել է 3 մլն դրամ աջակցություն։ Աջակցության չափերը որոշվել են՝ հիմք ընդունելով 2023 թվականին անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների վիճակագրությունը։

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115 365 մարդ։ Վերջին տվյալներով ՀՀ քաղաքացիություն է ստացել Արցախից բռնի տեղահանված 34,576 անձ։

Leave a Comment