ՀՀ-ն ադրբեջանական օդանավերի համար օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանել. Քաղավիացիա

Հայաստանը որևէ երկրի, այդ թվում՝ ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել, հայտարարել է Քաղաքացիական ավիացիան:

Մեկնաբանելով օդային տարածքի օգտագործման և Հայաստանի օդային տարածքով տարանցիկ չվերթների իրականացման շուրջ քննարկումները՝ ավիացիա պարզաբանել է, որ ղեկավարվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի b) ենթակետի դրույթներով, որոնց համաձայն՝ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության որևէ անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ:

Քաղավիացիան նշել է, որ ՀՀ օդային տարածքով յուրաքանչյուր քաղաքացիական առևտրային միջազգային տարանցիկ թռիչք իրականացվում է ըստ ավիաընկերության կողմից ներկայացված թռիչքային պլանի, և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամ-պետությունների միջև որևէ պայմանավորվածության անհրաժեշտություն չկա։

«ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ սահմանափակման կիրառման դեպքում այդ մասին տեղեկատվությունը հրապարակվում է սահմանված հաղորդագրությունների միջոցով: ՀՀ օդային տարածքով իրականացվող ցանկացած միջազգային տարանցիկ թռիչքի վերաբերյալ տեղեկատվությունը քաղաքացիական ավիացիայի օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից տրամադրվում է ՀՀ շահագրգիռ գերատեսչություններին», – եզրափակել է ավիացիան։

Leave a Comment