Երևանամերձ համայնքներում արցախցիների բնակապահովման սերտիֆիկատի չափը յուրաքանչյուր անձի համար կդառնա 4 մլն դրամ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել արցախցի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում: Երևանամերձ համայնքներում աջակցության չափը սահմանվել է 4 միլիոն դրամ մեկ անձի համար, մարզերում՝ 5 միլիոն, իսկ Երևանում՝ 3 միլիոն դրամ: Փոփոխությունները հետադարձ ուժով կկիրառվեն նաև արդեն իսկ հավաստագիրն իրացրած ընտանիքների համար:

Գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից կարող են օգտվել նաև այն արցախցիները, որոնք բնակելի անշարժ գույքի ձեռքբերման նպատակով 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացել են անշարժ գույքի գրավով սպառողական վարկ (հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման նպատակով):

Ըստ նախագծի՝ ընտանիքի անդամ կդիտարկվեն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաները՝ անկախ նրանից, թե երբ են ներկայացվել դիմում-հայտարարությունները: Մյուս կողմից՝ եթե դիմումատուի տվյալներն առկա են Ղարաբաղի անհատական հաշվառման բազայում, և պարզվում է, որ նա մինչև տեղահանումը առնվազն 12 ամիս աշխատել կամ սովորել է Արցախում, ապա նրան շնորհվում է շահառուի կարգավիճակ՝ անկախ այլ փաստաթղթերի առկայությունից:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2026 թվականի մարտի 23-ի դրությամբ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 5181 ընտանիք ստացել է հավաստագիր, 2304 ընտանիք արդեն իսկ իրացրել է ստացած հավաստագիրը։

 

Leave a Comment