Թրամփը հույս ունի ավարտել Իրանի հետ պատերազմը մինչև մայիսի կեսերը. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր համակիրներին հայտնել է, որ կցանկանար խուսափել Իրանի հետ ձգձգվող պատերազմից և ավարտել այն առաջիկա շաբաթների ընթացքում, գրում է The Wall Street Journal-ը։

WSJ-ի զրուցակիցների տվյալներով՝ Սպիտակ տանը հույս ունեն, որ մինչև մայիսի 14-15-ը նախատեսված Թրամփի և Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի հանդիպումը պատերազմն ավարտված կլինի։

Պարբերականի աղբյուրները նշել են, որ Թրամփը մասնավոր զրույցներում իր խորհրդականներին ասել է, թե իր գնահատմամբ Իրանի հետ պատերազմը գտնվում է եզրափակիչ փուլում, և անհրաժեշտ է պահպանել ռազմական գործողությունների իրականացման համար նախկինում նշված չորսից վեց շաբաթ ժամկետները։

«Հենց սկզբից մենք հույս ունեինք մարտական գործողությունների չորս-հինգ շաբաթ տևողության վրա, բայց մենք հնարավորություն ունենք պատերազմը շատ ավելի երկար վարելու»,- ասել էր Թրամփը։

Պարբերականը գրում է, որ մարտի վերջի դրությամբ Թրամփը չունի պատերազմը դադարեցնելու հեշտ տարբերակներ, իսկ խաղաղ բանակցությունները դեռ գտնվում են սկզբնական փուլում։

WSJ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը նաև կարծում է, որ Իրանի հետ պատերազմը իրեն շեղում է այլ նպատակներից։ Թե ինչ նպատակների մասին է խոսքը, Թրամփը չի հստակեցրել, սակայն պարբերականի որոշ զրուցակիցներ ենթադրել են, որ դա կարող է վերաբերել Կուբայում վարչակարգի փոփոխությանը։

Leave a Comment