Իսկանդարյան․ Բռնի տեղահանված 25,000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից

Իսկանդարյան․ Բռնի տեղահանված 25,000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից

26 մարտի 2026 – 11:26 AMT

PanARMENIAN.NetԱրցախից բռնի տեղահանվածների միայն 10%-ն է կարողացել Հայաստանում բնակարան գնել պետական բնակապահովման ծրագրով, իսկ մոտ 25,000 մարդ արտագաղթել է ՀՀ-ից։ Այդ մասին հայտնել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ անդրադառնալով 2023 թվականից ի վեր ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերի արդյունքներին, հայտնում է Sputnik Արմենիան:

Մարտի 18-ին անցկացված «Ներառական զարգացում, ձեռքբերումներ և անելիքներ» համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2023 թվականից սկսած պետական բյուջեից տարբեր ծրագրերի միջոցով մոտ 145 միլիարդ դրամ է ուղղվել ԼՂ-ից տեղահանվածների կարիքների ապահովմանը։

Իսկանդարյանը նշել է, որ 2023 թվականի բռնի տեղահանումից հետո ՀՀ կառավարությունը որևէ ձևաչափով չի համագործակցել Արցախի իշխանությունների հետ՝ տեղահանվածների խնդիրները մեղմելու նպատակով։

«Առաջին իսկ օրվանից մենք ասել ենք, որ բնակապահովման ծրագրում բազմաթիվ են խնդիրները։ Բոլորիս համար էլ պարզ է, որ Հայաստանում չկա մի բնակավայր, որտեղ 2-3 հոգանոց ընտանիքները կարողանան իրենց հասանելիք 5 կամ 10 միլիոն դրամով բնակարան ձեռք բերել։ Պետք է շեշտել, որ տվյալ բնակավայրում քաղաքացին պետք է նաև աշխատանքով ապահովվի։ Երբ մենք խոսում ենք արցախցիներին նույն համայնքում, համատեղ բնակեցնելու ծրագրի մասին, նրանք պնդում են, որ ուժ է գեներացվում»,– ասել է նա։

Արցախի բնակիչների համար կառավարությունը նաև ձեռնարկատիրական գործունեության խթանման ծրագրեր է իրականացրել։

Նժդեհ Իսկանդարյանի գնահատմամբ՝ այդ ծրագրերը գործնականում հասանելի և կիրառելի չեն եղել արցախցիների համար։

«Թող իրենք տվյալներ հրապարակեն, մենք էլ կփորձենք պարզել, թե քանի արցախցի է կարողացել է մինչ օրս կառավարության կողմից հատկացված միջոցներով Հայաստանում բիզնես սկսել։ Համենայնդեպս, իմ շրջապատում նման մարդ չկա»,– նշել է նա։

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցին, Իսկանդարյանի դիտարկմամբ՝ խնդիրը հիմնականում հուզական բնույթ է կրում։ Ոմանք կարծում են, որ արդեն իսկ հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, քանի որ ունեն նույն անձնագիրը, մյուսները մտահոգվում են, որ այդ քայլով կարող են կորցնել իրենց կապը Արցախի հետ և բռնի տեղահանվածի կարգավիճակը։ Իսկանդարյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունը, հայտարարելով Արցախի հարցը փակված և չշեշտելով վերադարձի իրավունքը, փաստացի սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հրապարակած տվյալների համաձայն՝ փետրվարի 1-ի դրությամբ բնակարանի գնման վկայագիր է ստացել 4404 ընտանիք, որոնցից մոտ 2000-ն արդեն ձեռք է բերել բնակարան։

Leave a Comment