Իրանական կողմի հայտարարությունների ֆոնին, թե այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ընթանում, և կապը պահպանվում է միայն միջնորդների միջոցով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ Թեհրանն իրականում բանակցում է Վաշինգտոնի հետ, փոխանցում է Interfax-ը:
«Նրանք, ի դեպ, բանակցում են և շատ են ցանկանում գործարք կնքել։ Բայց վախենում են դրա մասին խոսել, որովհետև հասկանում են, որ իրենց սեփականները կարող են սպանել նրանց։ Նրանք նաև վախենում են, որ մենք կարող ենք սպանել իրենց», – հայտարարել է Թրամփը Վաշինգտոնում ԱՄՆ Հանրապետական կուսակցության դրամահավաք միջոցառման ժամանակ։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանն ուսումնասիրում է Վաշինգտոնի փոխանցած առաջարկները, սակայն երկխոսության մասին խոսք չկա։
«Միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը չի նշանակում ԱՄՆ-ի հետ բանակցություններ», – Արաղչիի խոսքերը մեջբերում է Լոնդոնից գործող Iran International հեռուստաալիքը։
Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս Իսլամաբադում կարող են տեղի ունենալ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ։ Axios պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ-ն ծրագրում է մարտի 26-ին կազմակերպել բանակցություններ Իրանի հետ։
Սակայն իրանական քաղաքական և անվտանգության ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչը Press TV-ին հայտնել է, որ Իրանը մերժել է հակամարտության ավարտին վերաբերող ԱՄՆ-ի առաջարկները։
Այս ամենի ֆոնին՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Իրանի մի քանի շրջանների ուղղությամբ, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:
Վաղ առավոտյան ուժեղ հարվածներ են հասցվել Սպահանի մերձակայքին, որը գտնվում է Թեհրանից մոտ 330 կմ հարավ։
Fars գործակալության տվյալներով՝ հարձակումների թիրախում են եղել «երկու բնակելի թաղամասեր»։
